Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը, դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մինասյանը Թորոսյանի դեմ օգոստոսի 24-ին դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ նախարարը հրապարակայնորեն ներողություն խնդրի և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքի: Այս գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը: Բանն այն է, որ հուլիսի 27-ին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ աշխատանքից հեռացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանին, քրեաիրավական բնույթի մեղադրանքներ ներկայացրեց ոչ միայն Արա Մինասյանի, այլև բժշկական կոլեկտիվի հասցեին:
«Մարդիկ, որոնք մասնակցել են կեղծիքին, հիմա ցույց են անում: Ո՞նց չասես: Սա կազմակերպված հանցավորություն է, ու այդ բանդայի մի մասը ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի աթոռից: 99 տոկոս վստահ եմ, որ կան քրեական տարրեր, քանի որ գումարները շորթվել են պետությունից», — ասել էր նա:
Հավանաբար այս արտահայտություններն էլ առիթ են դարձել, որ Մինասյանը դիմի դատարան: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս օրերին Մինասյանը բացակայում է ՀՀ-ից»: