ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտահոգություն է հայտնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունների սակագների սահմանման և վերանայման գործընթացում հանձնաժողովի վերաբերյալ ոստիկանության հայտարարության առնչությամբ:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում ՀՀ ոստիկանության հրապարակված պաշտոնական հաղորդագրությամբ հանձնաժողովին հասցեագրված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Համոզված ենք, որ փաստերի մասնագիտական և օբյեկտիվ վերլուծության արդյունքում հնարավոր էր զերծ պահել հանրությանը հնչեղություն ապահովող, սակայն իրողության հետ աղերս չունեցող «տվյալների» ներկայացումից: Այսպես, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունների սակագների սահմանման և վերանայման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները խիստ սահմանափակ են, կրում են տեխնիկական բնույթ և չեն ենթադրում որևէ հայեցողություն:
Հետևաբար, պայմանագրի գործողության ողջ ընթացքում՝ (15 տարի), խմելու ջրի ոլորտի սակագները կարգավորվելու են նշված մեխանիզմով։ Ընդ որում, ճշգրտումն իրականացվելու է բացառապես բանաձևում ճշգրտող մեծությունների ներառման արդյունքում (դրանք հրապարակված և հանրությանը հասանելի մեծություններ են)։ Ուստի, ակնհայտ է՝ խնդրո առարկա սակագների ճշգրտման գործընթացում մարդկային սուբյեկտիվ գործոնն իսպառ բացառված է, հետևաբար հանձնաժողովի ցանկացած միջամտություն՝ նույնպես:
Ստեղծված իրողության պայմաններում, երբ Հանձնաժողովը չունի այլընտրանք, ներկայումս գործող սակագների ճշգրտումը ևս պետք է կատարի համաձայն ներկայացված կարգավորումների՝ անկախ իր գործունեության նկատմամբ հնարավոր կաշկանդվածություն ստեղծելու փորձերի: Ընդ որում, համաձայն սակագնային հավելվածի՝ բազիսային սակագները մինչև 2023 թվականը աճելու են, իսկ դրանից հետո՝ նվազելու:
Այս համատեքստում, պարզապես մտացածին է հանձնաժողովի ներկայացուցիչների՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցը սակագների հետագա բարձրացման փաստի հետ պայմանավորելը: Նման գործուղում, այո, տեղի է ունեցել, այն հետապնդել է փորձի փոխանակման բացառապես իրավաչափ նպատակ, այդ թվում՝ Ֆրանսիայի կարգավորող մարմնի հետ և նախաձեռնվել է «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ տիկին Մ. Գենդուրիի հրավերով (գործուղման համար անհրաժեշտ համաձայնությունները, հիմնավորող փաստաթղթերը հասանելի են հանձնաժողովում):
Ընդ որում, փաստենք, որ նշված գործուղումն, օտարերկրյա աղբյուրների ֆինանսավորմամբ, ընդամենը մեկն է այն տասնյակներից, որոնք ուղղված են կարգավորող մարմնի և վերջինիս աշխատակազմի մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործմանը:
Ցավում ենք, որ նշված հաղորդագրության հիման վրա դեղին մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը չշրջանցեց նաև հանրության զգայուն տրամադրությունները՝ դառնալով տարաբնույթ շահարկումների առարկա: Նշվածը զերծ չպահեց այդ թվում՝ մեր պետության ապագայով իրապես մտահոգ հանրությանը՝ իրենց մասնագիտական պարտքը պատշաճ ու պարկեշտ կատարող և ոչ պակաս հայրենասեր մասնագետների բարի համբավը և արժանապատվությունը ոտնահարող որակումներ տալուց՝ ստվերելով Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի անկյունաքարային ինստիտուտը: Նշվածից հնարավոր էր խուսափել մասնագիտական քննարկումների և գործող կարգավորումների պատշաճ ուսումնասիրության արդյունքում, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել: Այդուհանդերձ, հանձնաժողովը, հավատարիմ իր գործունեության թափանցիկության ապահովման սկզբունքին, պատրաստակամ է խնդրով մտահոգ ցանկացած շահագրգիռ անձի տրամադրել իր տիրապետման ներքո գտնվող՝ սույն հաղորդագրության հիմքում դրված բոլոր հիմնավորող փաստաթղթերը»:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով, այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ եւս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմս, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։
Նշված շրջագայության ընթացքում հիշյալ պաշտոնատար անձանց ուղեկցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, նրա օգնական-թարգմանիչ Արման Ալոեւն ու ՓԲԸ-ի վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը, որոնց ավիատոմսերի և հյուրանոցային վարձավճարների համար ծախսվել են համապատասխանաբար 1,572,573 եւ 3,245,442 դրամ գումար։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար։