Ապրիլյան պարտերազմի մասնակից Արման Ավետիսյանը, ով կորցրել է ոտնաթաթը Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, հունիսից զրկվել է զինհաշմանդամության համար տրվող 75 հազար դրամ թոշակից: Այս մասին նա բաց նամակ է գրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին։
«Տիկին Թանդիլյան, դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով, որպեսզի օգնեք արդարացի լուծում տալ ինձ հետ առնչվող մի խճճված հարցին։ Ես 2016թ-ի ապրիլի 2-ին Ջաբրայիլում դասակիս վիրավոր հրամանատարին օգնության շտապելիս վիրավորվել եմ և կորցրել ոտնաթաթս։ Ամեն տարի ստանում էի զինհաշմանդամության համար նախատեսված թոշակ, բայց այս տարի հունիսից զրկվել եմ թոշակից մեր տարածքային (Արարատի մարզ) սոցապ վարչության աշխատակիցների սխալ տեղեկատվություն փոխանցելու պատճառով։ Ես մեկ տարի է գտնվում եմ ԱՄՆ-ում, այստեղ կարողացել եմ մեկնել բարեգործական ծրագրով։ Այստեղ ես ծանոթացա մի հայ բժշկի հետ, ով ցանկանում էր ինձ օգնել: Ոտքս պետք է վիրահատեին՝ ոսկորի գերաճի պատճառով, հետո պրոթեզի հետ խնդիր կար: Վերադարձս Հայաստան հետաձգվեց: Նախատեսված էր, որ հունիսի մեկին պետք է վերադառնայի, բուժզննություն անցնեի, բայց քանի որ հետաձգվեց իմ վերադարձը, դեռ ապրիլին դիմել էի մեր տարածքային սոցապվարչությանը, տեղեկացրել էի, որ փաստաթղթերի ներկայացումը մի փոքր կուշանա՝ ելնելով մի շարք խնդիրներից և հանգիստ էի, որ հարցին լուծում կտրվի օրենքի սահմաններում։ Ինձ տեղում ասացին, որ խնդիր չէ,մինչև օգոստոսը ներառյալ կարող ես թղթերը ներկայացնել: Ներկայացրի, իսկ հիմա ասում են թղթերը մինչև հունիսի մեկը պետք է ներկայացրած լինեիր: Ինձ ասում են՝ էլ չես կարող թոշակ ստանալ, հաշմանդամության կարգ էլ չունես: Եթե ինձ շուտ ասեին, ես թղթերը կփորձեի շուտ ներկայացնել: Հիմա պնդում են, որ սխալն իմն է. ուշացրել եմ փաստաթղթերը: Հայրս էր լիազորագրով փաստաթղթերը ներկայացրել։ Ես խոսել եմ մեր տարածքային (Արարատի մարզ) սոցապվարչության աշխատակցի հետ, ով էլ ինձ տվել է սխալ ինֆորմացիա, որի արդյունքում զրկվել եմ թոշակից։ Տիկին Թանդիլյան խնդրում եմ Ձեզ, որ հարցին լուծում տաք և օգնեք, որպեսզի ընդունեն իմ փաստաթղթերը և շարունակեն վճարել պետության կողմից սահմանված զինհաշմանդամի թոշակը»։