Search
Close this search box.

Ի՞նչ տարբերություն Էջմիածնի նախկին և նոր քաղաքապետերի միջև

Էջմիածինը սեփականաշնորհած և նրա բնակիչներին որպես եկամտի աղբյուր դիտարկող Մանվել Գրիգորյանը Էջմիածնում սահմանել էր տեղական տուրքերի այնպիսի բարձր դրույքաչափեր, որոնք ուղղակի խեղդում էին քաղաքի բնակիչներին: Երբ թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էջմիածինը ազատագրեց Մանվել Գրիգորյանից և նրա քաղաքապետ որդի Կարեն Գրիգորյանից, և քաղաքապետի պաշտոնակատար նշանակեց Դիաննա Գասպարյանին, Էջմիածնի քաղաքացիների մոտ հույս արթնացավ, որ իրենց վրա դրված հարկային բեռը ևս կթեթևանա:

Սակայն այդ հույսերը այդպես էլ մնացին անկատար, որովհետև քաղաքապետի պաշտոնակատար Դիաննա Գասպարյանը շարունակում է իր նախորդի քաղաքականությունը` անահամաչափ մեծ հարկեր գանձելով, ինչպես քաղաքի բնակիչներից, այնպես էլ գործարարությամբ զբաղվողներից: Այս իրավիճակում, քաղաքացիների մոտ արդարացի ու տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ տարբերություն հրեշ Մանվել Գրիգորյանի և նրա կամակատար որդու Կարեն Գրիգորյանի և նոր քաղաքապետի միջև: Մարդիկ դեմ էին ոչ թե Մանվելին կամ Կարենին որպես անձ, այլ նրանց կողմից վարվող թալանին, որն ըստ էության շարունակվում է:

Մենք փորձել ենք համեմատել Էջմիածնի և մարզկենտրոն Արմավիրի տեղական տուրքերը, որոնք սահմանվում է քաղաքի ավագանու կողմից, որպեսզի ցույց տանք այն անարդարությունը, որի պայմաններում էջմիածնեցիները ապրել են ավելի քան տաս տարի շարունակ, երբ քաղաքապետը Կարեն Գրիգորյանն էր, և այդ անարդարությունը ցավոք շարունակվում է: Եվ այսպես. Արմավիրում մինչև 26 քմ տարածք ունեցող առևտրային օբյեկտները ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու համար յուրաքանչյուր եռամսյակ վճարում են 10 հազար դրամ, մինչդեռ Էջմիածնում այդ տուրքը 50 տոկոսով ավելի է` 15 հազար դրամ: 26-50 քմ տարածք ունեցող առևտրային օբյեկտները Արմավիրում վճարում են 13 հազար դրամ, իսկ Էջմիածնում 17 500 դրամ: Դարձյալ տարբերությունն էական է, եթե հաշվի առնենք որ խոսքը մանր խանութների մասին է:

Էջմիածնում գրեթե կրկնակի ավելի թանկ է աղբահանության գումարը: Եթե Էջմիածնում յուրաքանչյուր բնակիչ աղբահանության համար ամսական վճարում է 180 դրամ, ապա Արմավիրում 100 դրամ: Ինչու և ինչ տրամաբանությամբ, չլինի Էջմիածնի քաղաքացիները կրկնակի ավելի շատ աղբ են թափում, թե Էջմիածնի քաղաքապետարանն է ավելի շատ միջոցներ ծախսում այդ աղբը հավաքելու և տեղափոխելու համար: Պարզ է չէ, որ այստեղ խոսքը ախորժակի մասին է, Մանվելն ամեն հնարավոր միջոց գործադրում էր բնակչությունից ավելի շատ փող հավաքելու համար, քանի որ Էջմիածնի քաղաքապետարանի բյուջեն տնօրինում էր, ինչպես իր անձնականը: Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ քաղաքպետարանից ու Բարեկարգում տնօրինությունից էին վարձատրվում Մանվել Գրիգորյանի անձնական թիկնապահները, վարորդները, գործավարներն ու խոհարարները:

Էջմիածնում ուղիղ կրկնակի թանկ է գազալցակայաններից գանձվող տեղական տուրքը: Եթե Արմավիրում գործող գազալցակայանները տարեկան քաղաքային բյուջե են վճարում 150 հազար դրամ, ապա Էջմիածնում 300 հազար: Առանձին ուսումնասիրության թեմա է այն հարցը, թե արդյոք Մանվել Գրիգորյանին պատկանող գազալցակայնները վճարել են այդ հարկը, թե նրա գազալցակայանները եղել է արտոնյալների ցանկում:

Մենք հույս ունենք, որ գոնե այս հրապարակումից հետո քաղաքապետի պաշտոնակատար Դիաննա Գասպարյանը կանդրադառնա տեղական տուրքերին, և կառաջարկի ավագանուն Էջմիածնի տեղական տուրքերը հավասարեցնել Արմավիրում գործողին: Որովհետև Էջմիածինը նույնպիսի քաղաք է, ինչպես Արմավիրը, և չի կարող իրար կողք կողքի գտնվող քաղաքների մանր ու միջին գործարարներն ունենան առավելություններ, կամ ընդհակառակը՝ վճարեն կրկնակի ավել տուրքեր և վճարներ:

Միայն հավասարության և արդարության վերականգման դեպքում է, որ էջմիածինցիները կհամարեն, որ մանվելիզմի դարաշրջանը ավարտվել է, այլապես ստացվում է, որ Մանվելն ու Կարենը գնացել են, բայց նրանց թողածը անարդարությունը բարեհաջող շարունակում է Դիաննա Գասպարյանը:

Please enter a valid URL