Search
Close this search box.

«Հասմիկ» ճամբարի ջոկատավարները պարզաբանել են երեխաների կազմակերպած միջոցառման շուրջ ծագած աղմուկը

Հանքավանի «Հասմիկ» ճամբարի ջոկատավարներն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում պարզաբանել են ճամբարում հանգստացող երեխաների կազմակերպած գեղարվեստական միջոցառման շուրջ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները:

Ճամբարի ավագ մանկավարժ Մուրադ Մուրադյանը, ավագ ջոկատավար Մարիամ Սիմոնյանը և ջոկատավար Մարիետա Սահակյանը տեղյակ չեն եղել, թե միջոցառման այդ հատվածում երեխաներն ինչ հանդերձանքով են ելույթ ունենալու:

Մուրադ Մուրադյանն ընդգծեց, որ չէին կարծում, թե երեխաների այդ կատակը կարող է նման աղմուկ բարձրացնել: «Մեր սաներն իրենք են որոշում և խորհրդակցում ջոկատավարներիհետ, թե ինչ միջոցառումներ կցանկանան անցկացնել: Մեզ համար անակնկալ էր նրանց այդ մտահղացումը. մենք գիտեինք, որ տղաները որոշել էին աղջիկների գլամուրային կերպարները քննադատել, սակայն չգիտեինք՝ նրանց մտքի թռիչքը ինչպիսին կլիներ»,- ասաց ավագ մանկավարժը և հավելեց, որ երեխաների ծնողները հոլովակներով տեսել են միջոցառումը և շատ դրական են վերաբերել այդ ամենին:

Նա նշեց, որ սոցցանցերում հայտնված լուսանկարները միջոցառման հենց այն հատվածից են վերցված, որտեղ տղաները փոքր-ինչ ծաղրում են աղջիկներին:

Մուրադյանի խոսքով՝ ճամբարում հանգստացող երեխաները շատ տարբեր միջոցառումներ են կազմակերպում՝ երգեր, պարեր, դիմակահանդեսներ, Ուրախների ու հնարամիտների ակումբներ են ստեղծում: Երեխաները տարբեր խաղեր են խաղում՝ ունեն ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի դաշտեր:

Ավագ մանկավարժը և ջոկատավարները նշեցին, որ բարձրակրունկ կոշիկները, շպարը և այլ կանացի պարագաներ տղաները վերցրել էին աղջիկներից, ովքեր այդ ամենը բերել էին դիմակահանդեսի համար:

Ավագ ջոկատավար Մարիամ Սիմոնյանն ընդգծեց, որ ծնողները տեղյակ են եղել, և նրանք ճամբարի աշխատանքների ընթացքում իմացել են, թե ինչ խաղերի են մասնակցում իրենց երեխաները:

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեր ճամբարն ունի խումբ, որտեղ ներգրավված են երեխաների ծնողները և իրենք ամեն ինչից տեղյակ են լինում ու հետևում են մեզ մոտ տեղի ունեցող միջոցառումներին և խաղերին: Սոցիալական ցանցերում հայտնված նկարները վերցվել են ՈւՀԱ-ից, մեկ այլ հատված դիմակահանդեսից, և երեխաներին պիտակավորել են այնպես, ինչպես իրենք են ցանկանում»,- ասաց Սիմոնյանը:

Please enter a valid URL