«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 1–ից Հայաստանում ժամանակավորապես արգելվեց աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, իսկ որպես արգել քի վերջնաժամկետ սահմանվեց հոկտեմբերը: Ներկրման արգելքին զուգահեռ, սակայն, ներքին շուկայում աջ ղեկով ավտոմեքենաների առքուվաճառքը թույլատրվում է:
Իսկ ի՞նչ կլինի մի քանի ամիս անց: Արդյո՞ք կերկարաձգվի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը, թե՞ նոր կառավարությունը կկարողանա այնպիսի մի որոշում կայացնել, որը ձեռնտու կլինի ոչ միայն պետությանը, այլ նաև՝ վարորդներին: «Փաստ»–ը փորձեց հասկանալ, թե այս խնդրի շուրջ ի՞նչ նոր զարգացումներ կամ լուծումներ կան:
Սակայն ոչ ոքի համար այսօր գաղտնիք չէ, թե ինչ վտանգներ կարող է պարունակել նման որոշումը՝ ղեկի տեղափոխումը: Բազմիցս խոսվել է, որ այդ փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեքենայի հետագա շահագործման վրա:
Ղահրամանյանի խոսքով՝ ղեկը փոխելը բավական բարդ գործընթաց է, ընդ որում՝ ոչ միշտ արդյունավետ: Օրինակ՝ Վրաստանում ընդհանրապես արգելված է ղեկի տեղափոխություն կատարել, անգամ լիցենզավորված կազմակերպության դեպքում վստահ լինել հնարավոր չէ:
«Որպես վարորդների ներկայացուցիչ, նախարարությանը առաջարկել ենք այլ տարբերակ: Աջ ղեկով մեքենաներն ավելի մատչելի են, դրանց մաքսազերծումը նույնպես: Եթե ՊԵԿ–ը ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ համատեղ որոշեն ձախ ղեկով մեքենաների մաքսազերծումը որոշ չափով նվազեցնել, ապա մարդիկ կնախընտրեն ձախ ղեկով մեքենա ներկրել, քանի որ մեզ մոտ մեքենաները ներկրվում են ոչ թե ըստ ճաշակի, այլ՝ ըստ արժեքի: Եթե ձախակողմյան ղեկով մեքենաների մաքսազեծումը նվազեցվի, ապա բնական ընտրության արդյունքում աջ ղեկով մեքենաների ներմուծումը կդադարի կամ կհասցվի նվազագույնի»,– նշեց նա:
Զրուցակիցս, սակայն, ձախ ղեկով մեքենաների ներկրման ավելացման մեջ ևս խնդիր է մատնանշում: Ասում է՝ արդյո՞ք վարչական մարմիններին ձեռնտու է, որ շատ մեքենաներ ներկրվեն: Այդ դեպքում խնդիրներ կառաջանան երթևեկության մեջ:
«Շատ մեքենաների առկայությունն էլ խնդիր կստեղծի այլ ոլորտում, որին դեռևս ոչ ոք պատրաստ չէ: Օրինակ՝ եվրոպական երկրներում մինչ մեքենա ձեռք բերելը պետք է կայանման իրավունք ձեռք բերել, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն»,– նկատեց նա:
Մինչ հոկտեմբեր հանրային քննարկումներ կրկին կլինեն: Այդպես է կարծում «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրը՝ մատնանշելով, որ ներկրման արգելքը որոշ չափով վնասել է նաև պետբյուջեին: Մեքենաների ներկրման մեջ գերակշռում էին աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք հիմա չեն ներկրվում, դրանց մաքսազերծում չի կատարվել և պետական բյուջե չեն ուղղվել այդ գումարները: Իսկ աջ ղեկով մեքենաների արգելքը ձախ ղեկով մեքենաների ներկրման ակտիվության պատճառ չէր դարձել, քանի որ նրանք, ովքեր կարող են բերել մատչելի աջ ղեկով մեքենա, ստիպված սպասում են ևս մի քանի ամիս, որպեսզի ավելի շատ գումար հավաքվի ձախակողմյան ղեկով մեքենա ձեռք բերելու համար:
Ղահրամանյանը վերջում հավելում է, որ արգելքը միշտ իր հետ խնդիրներ է բերում, ավելի լավ է առաջարկվի խրախուսում, քան արգելվի, մարդիկ պետք է բնական ընտրության հնարավորություն ունենան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում