Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը 5 սահմանախախտի են ձերբակալել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Արտաշատի սահմանապահ ջոկատի հերթափոխի կողմից հայտնաբերվել է Աֆղանստանի Հանրապետության 5 քաղաքացու, ովքեր Արաքս գետով անօրինական հատել են հայ-թուրքական սահմանը:
Ստուգողական համալիր միջոցառումների ընթացքում պարզվել է, որ բոլոր ձերբակալվածները մեկ ընտանիքի անդամներ են և ուղևորվել են ԵՄ անդամ երկրներ՝ կյանքի ավելի լավ պայմաններ փնտրելու համար:
Սահմանախախտները հայ-թուրքական պետական սահմանի անօրինական հատումը բացատրել են տեղանքում ճիշտ չկողմնորոշվելու հանգամանքով:
Ձերբակալվածները սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:
Ռուս սահմանապահները հատուկ շնորհակալություն են հայտնում սահմանապահ կետերի բնակիչներին պետական սահմանի պահպանությանն աջակցելու համար: