ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի 100 օրը յուրովի է գնահատել: Ըստ խոսնակ Շարմազանովի Փաշինյանը Հայաստանը տարել է անձնական վրեժխնդրության, վենդետաների, մամուլի ազատությունը սահմանափակելու, խոսքի ազատությունը սպանելու, ով իր հետ համամիտ չէ, քաղաքականապես սպանելու ճանապարհով.
« Իշխանությունը ՀՀԿ-ի կողմից տրվել է մեկ նպատակով՝ որպեսզի Հայաստանում չլինեն երկպառակություններ, Հայաստանում չլինի արյունահեղություն, չլինեն բախումներ, որ ամեն ինչ անցնցում լինի։ Եվ երբ նոր իշխանությունը հայտարարում է, որ վենդետաներ չեն լինելու, բայց նոր իշխանությունն այս հարյուր օրերի ընթացքում մեկ բան է արել. Հայաստանը տարել է անձնական վրեժխնդրության, վենդետաների, մամուլի ազատությունը սահմանափակելու, խոսքի ազատությունը սպանելու, ով իր հետ համամիտ չէ, քաղաքականապես սպանելու ճանապարհով։ Այլ բան չի արել Փաշինյանի կառավարությունը, և սա ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա։ Փաշինյանը ցանկանում է դառնալ Հայաստանի Տիրանը, Հայաստանն էլ սարքել Տիրանիա, բայց Հայաստանը չի կարող լինել Տիրանիա։ Բայց ուզում եմ ասել, որ Փաշինյանի Տիրանիա Հայաստանում չի լինելու։ Ինչ եք ուզում ՀՀԿ-ից, ՀՀԿ-ն իր իշխանությունը տվել է հանուն պետության, որ բախումներ չլինեն։ Եվ եթե Փաշինյանին կամ որևէ մեկին թվում է, որ ինքն ավելի արմատական ընդդիմադիր կարող է լինել, ավելի սկզբունքային մարդ է, քան որոշ հանրապետականներ, չարաչար սխալվում է։ Ինքն իր կարծիքն ասել է, մենք էլ մեր կարծիքը կարող ենք ասել՝ ո՛չ վախենում ենք, ոչ էլ ահաբեկվում։ Եվ եթե բանտերով պետք է վախեցնի, մեզ բանտով պետք չի վախեցնել»։