ՀՀ արդարադատության հարգելի նախարար, պարոն Արտակ Զեյնալյան, չեմ հոգնելու Ձեզ անհանգստացնել ՀՀ Փաստաբանների պալատում տիրող իրավիճակին Ձեր ուշադրությունը վերջապես դարձնելու նպատակով: Կներեք, բայց անգամ Երևանի քաղաքապետարանի ընտրություններին Ձեր հավանական զբաղվածությունը խոչընդոտ չէ, ներքոշարադրյալ հարցերին անդրադառնալու համար: Իրավիճակն արդեն օրհասական է, ու անկախ այն հանգամանքից, թե ինչ են Ձեզ զեկուցում նախկին իշխանությունից Ձեզ «ժառանգություն» մնացած, Արա Զոհրաբյանի հետ տարատեսակ հարաբերություններ ունեցող Ձեր տեղակալները, հավատացեք՝ այս հարցով Դուք զբաղվելու եք, ու լուրջ եք զբաղվելու: Իսկ եթե, Արա Զոհրաբյանի հետ Ձեր ունեցած հարաբերությունները, շփումները, նրա կողմից Ձեզ Փաստաբանների պալատ դասավանդման համար երկար տարիներ հրավիրելը կաշկանդում են Ձեզ, ապա խնդրում եմ այդ մասին էլ ասել բացեիբաց, որպեսզի ինձ համար պարզ լինի, որ ճշմարտությունը հարկ է փնտրել որևէ այլ մարմնում…
Ինչևէ հիշեցնում եմ Ձեզ, որ ՀՀ Փաստաբանների պալատին` Հանրային պաշտպանի գրասենյակի համար, Հայաստանի պետական բյուջեից հատկացվող գումարներից ամսեկան առնվազն 4 միլիոն դրամը տարիներ ի վեր ծախսվում է ոչ թե ՀՊԳ կարիքների համար, այլ ոչ նպատակային` ուղղվում է պալատի անիմաստ ուռճացված աշխատակազմի աշխատավարձերը վճարելուն։ Սա էլ այն դեպքում, երբ վերջին 5 տարիների ընթացքում փաստաբանների, բնականաբար նաև վճարվող անդամավճարների թիվը կրկնապատիկից ավեկացել է։
ՀՊԳ ծախսերի ֆինանսական փոխհատուցման հայտերը հաստատում է հենց Ձեր ղեկավարած կառույցն ու փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարություն։
Բացի այդ, հանրային պաշտպանների կարիքները հոգալու համար ՀՀ պետական բյուջեի հաշվին ձեռք բերված ու սպասարկվող 3 ավտոմեքենաներից մեկի վրա տեղադրվել է 077 UU 11 համարանիշը (Արա Զոհրաբյանի անձնական մեքենայի համարանիշն է 11 UU 077) և այն որպես իր ծառայողական ավտոմեքենա օգտագործում է ՓՊ նախագահը։ Տեղյակ եք արդյոք, որ թե այդ, թե մյուս երկու ավտոմեքենաների սպասարկման համար պետական բյուջեից փոխանցվող գումարները չեն համապատասխանում այդ մեքենաների փաստացի սպասարկման համար անհրաժեշտ գումարներին։
Այդ մասով ֆինանսական հայտերը ևս հաստատում է Ձեր ղեկավարած կառույցն ու դրանք փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարություն։
Ձեր տեղակալը ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ Փաստաբանական դպրոց հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ։
Խնդրում եմ հրապարակավ ներկայացնել, թե արդյոք Ձեր տեղակալը հավանություն տվել է դպրոցի տնօրեն, ամբաստանյալ Սիմոն Բաբայանի համար, սովորող ունկնդիրների վարձավճարների հաշվին Nissan մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու և սպասարկելու հարցին։ Խնդրում եմ ներկայացնել այդ ավտոմեքենան ձեռք բերելու անհրաժեշտությունը հիմնավորող պարզաբանումներ։
Արդյոք Ձեր տեղակալը հավանություն է տվել նաև դպրոցում սովորելու համար ունկնդիրներից գանձվող գումարի մոտ 100 հազար դրամով ավելացմանը (կազմում է մոտ 600 հազար դրամ): Խնդրում եմ հրապարակավ ներկայացնել վարձավճարների շեշտակի բարձրացման հիմնավորումները։
Խնդրում եմ նաև Ձեր տեղակալի միջոցով պարզել, թե արդյոք համապատասխանում են ունկնդիրների վճարածից Ս.Բաբայանի ծառայողական ավտոմեքենայի սպասարկմանն ուղղվող գումարները դրա իրական սպասարկման համար անհրաժեշտ չափին։
Հ.Գ. խնդրում եմ պարզել նաև, թե արդյոք այդ ավտոմեքենան ձեռք չի բերվել պետությունից ՀՊԳ-ին փոխանցված, ու պետությանը չվերադարձված գումարներով։
Փաստաբան Երվանդ Վարոսյան