Search
Close this search box.

Քոչարյանի զոհաբերությունը

Համացանցում է հայտնվել Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը Ռոբերտ Քոչարյանի նոր բացառիկ հարցազրույցը, որի պատառիկներից արդեն իսկ պարզ է որոշակի մի բան՝ նա հայտարարում է քաղաքականություն վերադառնալու մասին: Համարեք, որ վերադառնում եմ, ասում է Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները կլինեն ավելի ուշ, երեկոյան, ամբողջական տեսագրությամբ: Սակայն գործնականում արդեն իսկ հնչել է առանցքայինը՝ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, ինչը կլինի թերեւս Քոչարյան քաղաքական գործոնի վերջի սկիզբը:

Քոչարյանը դիտարկվում է իբրեւ նախկին համակարգը համախմբող գործոն, հենց դրանով է մատուցվում նրա քաղաքականություն վերադարձի «սարսափելիությունը» հեղափոխության համար: Իրականում Ռոբերտ Քոչարյանը համախմբելու է ոչ թե նախորդ համակարգը, այլ համախմբելու է հանրությանը նախորդ համակարգի դեմ, կամ էլ ավելի է համախմբելու, որովհետեւ համախմբումը սկզբունքորեն ապահովել էր թավշյա հեղափոխությունը՝ երեք ամիս առաջ:

Սակայն այստեղ կա խիստ ուշագրավ մի պահ: Թավշյա հեղափոխությունը բավական բազմաշերտ եւ բազմաբնույթ գործընթաց էր, որում տարբեր փուլերում քողարկված կամ բացահայտ ներգրավվեցին ու մասնակցեցին նաեւ նախորդ համակարգի զգալի խմբեր ու հատվածներ, իրենց ռեսուրսով: Ընդ որում, նախորդ համակարգ ասվածը ամենեւին միայն նախորդ իշխանությունը՝ գործադիր իշխանությունը կամ պառլամենտական մեծամասնությունը չեն: Այդ համակարգը բավական բազմաշերտ ու բազմազան էր այլ սեգմենտներով, որոնք ամբողջացնում էին պատկերը:

Գործընթացի «էությունը» բավական ուշագրավ բնորոշել էր Սերժ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում, շեշտելով, որ «Նիկոլը ճիշտ էր, ինքը սխալվեց»: Մեծ ուշադրության արժանացած իսկապես այդ կաեւոր ազդակը սակայն ուներ ոչ պակաս էական շարունակություն, որտեղ Սերժ Սարգսյանն ասում է, թե փողոցում ծավալված շարժումն իր պաշտոնավարման դեմ էր:

Սարգսյանը անշուշտ գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը դրել էր ոչ թե Սարգսյանի փոփոխության, այլ իշխանափոխության խնդիր: Նա դա արել էր հրապարակավ: Ուրեմն ինչու՞ էր Սարգսյանը շեշտում, որ շարժումը իր պաշտոնավարման դեմ էր: Նա փաստացի ակնարկում էր, որ դրան այս կամ այն կերպ նպաստել են նաեւ համակարգային ուժեր՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի: Ավելի ուշ՝ ապրիլի 25-ից, այդ ուժերը սկսեցին բավական պարզորոշ բացահայտվել, ընդ որում այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսական ՆՏՎ-ի եթերում:

Երբ դուրս է գալիս Սերժ Սարգսյանը, իրավիճակը դառնում է զգալիորեն հարաբերական, անգամ վարչապետի պաշտոնում «ժողովրդի թեկնածուի» հաստատումից հետո, քանի որ թավշյա գործընթացում այս կամ այն կերպ, բաց կամ քողարկված մասնակցությամբ տարբեր համակարգային խմբերը նոր իրավիճակում այլեւս սկսում են գործել ըստ իրենց շահի ու տրամաբանության, եւ այդ իմաստով խորքում հասունանում է հեղափոխության գործընթացի տարալուծում:

Ի վերջո, այստեղ է նաեւ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի հանրահավաքային նախաձեռնության գլխավոր մոտիվը, ոչ թե ինչ որ մեկին ուժ ցույց տալը, այն էլ Ռուսաստանին: Փաշինյանը դրա կարիքը ներկայում չունի, նա հայտարարել է Պուտինի հետ բաց, անկեղծ եւ դյուրին հարաբերության մասին, ընդ որում հետաքրքիր է, որ 17-ի հանրահավաքից առաջ նա հեռախոսազրույց է ունենում Պուտինի հետ: Իսկ Պուտինի հետ դյուրին եւ անկեղծ հարաբերության մասին հայտարարությունը Փաշինյանի հնարքը չէ, նա թերեւս լավ գիտե, որ Պուտինի հետ հարաբերության մասով այդպիսի հնարքները կարող են թանկ նստել: Ինչպես ասում է ռուսաստանցի էպոտաժային հաղորդավար Դորենկոն՝ Պուտինի հետ հանդիպումների մասին, Պուտինը չափազանց զգայուն է դրանց վերաբերյալ հետագա մեկնաբանությունների հարցում:

Ըստ այդմ, Փաշինյանը անկասկած չէր խաղում եւ առավել եւս չէր խաբում, ու դրա վկայությունն է նաեւ 17-ից առաջ Պուտինի հետ հեռախոսազանգը: Ներքեւում մնացյալը այն անցումային փուլն է, որում ադապտացիայի մասին է նաեւ հայտարարել Նիկոլ Փաշինյանը:

Ահա այս իրավիճակում առաջանում է թավշյա գործընթացի նոր փուլի բյուրեղացման խնդիր, որովհետեւ անցել է նախորդ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բյուրեղացած փուլը: Ահա այստեղ է ուշագրավ օգոստոսի 17-ի շեմին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը քաղաքականություն վերադարձի մասին, ինչը ոչ թե «հակահեղափոխությունն» է բյուրեղացնելու, այլ բյուրեղացնելու է հեղափոխությունը: Քոչարյանը լինելու է այն գործոնը, որը ոչ թե նախորդ համակարգի համար է նոր հնարավորություն բացելու, այլ հնարավոր մանեւրից զրկելու է նախորդ համակարգի այն սեգմենտներին, որոնք այս կամ այն կերպ տեղավորվել էին հեղափոխության գործընթացում եւ արդեն պլանավորում էին «անջատական» քաղաքական պլաններ:

Սերժ Սարգսյանը հեռացավ ժամանակին, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձը հետադարձ տոմս չունի, նա չունի հարկ եղած դեպքում հեռանալու հնարավորություն, նա սպառվելու է իր վերադարձի մեջ, հեռանկարում դառնալով թավշյա հեղափոխության եւ այսպես ասած հեռացած համակարգի յուրօրինակ «համերաշխության» համար արվող պատմականորեն անխուսափելի զոհաբերությունը:
Lragir.am

Please enter a valid URL