ՀՀ կառավարությունը 100-օրվա գործունեության ընթացքում լուծել է հիմնական խնդիրը, այն է՝ ապահովել հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ կարծիքով՝ 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, որպեսզի մեր երկրի և տնտեսության համար նոր շունչ բացվի, արագությունը բացվի, որպեսզի կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրել: Հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը՝ Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում, կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն կտա, որպեսզի մենք նոր թափով իրագործենք և հետամուտ լինենք այն խնդիրներին, որ ՀՀ քաղաքացիները դրել են մեր առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որևէ կասկած չկա, որ կառավարությունն այդ խնդիրները լուծում է արդյունավետ: «Հայ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է»,- ընդգծեց կառավարության ղեկավարը: