Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող ճգնաժամից, փորձում են հնարավորինս օգուտ քաղել դրանից…Ալիևյան ԶԼՄ-ները և ապշերոնյան բռնապետի աշխատակազմի կողմից վերահսկվող քաղաքական գործիչները սկսել են “Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ” օպերացիան…
Բաքվում մոռացության են տալիս այն, թե ինչպես էին որոշ ժամանակ առաջ ՀԱՊԿ-ն քամահրական անվանում “Պուտինյան ՆԱՏՕ” և բացահայտում այդ կազմակերպության սնանկությունը…
Այսպես, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի “Իրավական հարցերի և պետական շինարարության” հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին ալիևյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչ օգուտներ կարող է ունենալ Բաքուն, եթե դառնա ՀԱՊԿ անդամ…ՀԱՊԿ անդամ դառնալու Հուսեյնլիի գլխավոր թեզիսներն են՝ “Պուտինյան ՆԱՏՕ-ի” անդամ դառնալով` Բաքուն կկարողանա հետ վերադարձնել, այսպես կոչված, օկուպացված տարածքները և նախնական համաձայն է հետ ստանալ Ջաբրայիլը, Ֆիզուլին և Զանգելանը և էժան գնով զենք կգնի Մոսկվայից…Այսինքն` Հուսեյնլիի շուրթերով Իլհամ Ալիևը Մոսկվային հասկացնում է, թե ինչի դիմաց է Ադրբեջանը պատրաստ դառնալ ՀԱՊԿ անդամ…Բացի այդ, Բաքվում նաև չեն վարանում հիշեցնել, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Բելառուսը և Տաջիկստանն ավելի շատ Ադրբեջանի ընկերներն են, քան Հայաստանի… Ադրբեջանում բավական լավ նախապատրաստվել են “Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ” օպերացիային, որի վերաբերյալ օգոստոսի 10-ին բանակցել են Տաջիկստանի նախագահ Ռախմոնը և Ալիևը Բաքվում, իսկ դրանից մի քանի օր անց էլ՝ օգոստոսի 12-ին Ակտաուում “Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին” կոնվենցիայի ստորագրման շրջանակներում Ալիևը հանդիպեց նաև ՌԴ նախագահ Պուտինի և Ղազախստանի առաջնորդ Նազարբաևի հետ…
Իշխանափոխությունը Հայաստանում և ՌԴ վերնախավի անվստահությունը Փաշինյանի նկատմամբ հույսեր են արթնացրել Ալիևի մոտ,որ Բաքուն կարող է խաղալով ներկայումս հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող անհամաձայնությունների վրա` մաքսիման օգուտ ստանալ դրանից…
Բացի այդ,չպետք է մոռանալ,որ այս ամենը նաև պայմանավորված է Անկարա-Վաշինգնտոն հարաբերություններում գոյություն ունեցող խորը հակասությունների հետ…Բաքում և Անկարան համաձայնեցված են գործում միջազգային ասպարեզում…Օրեր առաջ Թուրքիայի նախագահը բացահայտ սպառնաց Վաշինգտոնին, որ Անկարան նոր գործընկերներ կգտնի իր համար…Իսկ այդ գործընկերոջ “փնտրտուքը” Անկարան սկսեց Բաքվից՝ վերջինիս շուրթերով սպառնալով Վաշինգտոնին, որ դեմ չէ դառնալ ՀԱՊԿ անդամ…
Իրավիճակն ամբողջությանմբ հիշեցնում է 20-րդ դարի սկիզբը, երբ “իզգոյ” և միջազգային հանրության կողմից չճանաչված Խորհրդային Ռուսաստանը և քեմալական Թուրքիան, սերտ համագործակցելով իրար հետ, պատուհաս դարձան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների համար…Հենց այդ ժամանակ էր,որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, խաբելով Լենինին, որ պատրաստ է Թուրքիան հռչակել սոցիալիստական երկիր և կոմունիստական գաղափարախոսությունը տարածել Մերձավոր Արևելքում, ստացավ ահռելի ֆինանսական և ռազմական օգնություն, որն ուղղեց ոչ թե Լենինին խոստացված ծրագիրն իրականացնելուն,այլ հայերին, քրդերին, ասորիներին, հույներին և արաբներին ոչնչացնելու վաղեմի ծրագիրն իրականացնելուն…Ստորագրվեցին հայերի համար կործանարար Մոսկվայի և Կարսի պայմանագրերը… Մուսթաֆա Քեմալին նաև հաջողվեց իր հարավկովկասյան կրկնակի համար Լենինից կորզել մեծ օգուտներ. Ադրբեջանին միացվեցին Արցախը և Նախիջևանը…Երբ Թուրքիան ստացավ Ռուսաստանից այն ամենը ինչ ծրագրել էր, շատ արագ նետվեց Արևմուտքի գիրկը…
Պատմությունը, ցավոք, սիրում է կրկնվել…21-րդ դարի սկզբին պուտինյան Ռուսաստանը և էրդողանյան Թուրքիան գրեթե նույն “իզգոյներն” են և կրկին սերտ համագործակցում են միմյանց հետ, ինչպես 20-րդ դարի սկզբին…
Սակայն այժմ խաղի մեջ է մտել նաև Մոսկվայի և Անկարայի ապօրինի ծնունդ Ադրբեջանը, որն ավելի մոտ գտնվելով ծնողներից մեկի՝Թուրքիայի հետ, տանդեմով է գործում վերջինիս հետ…Անկարան և Բաքուն մեր թիկունքում աճուրդի են հանել Ադրբեջանի ՀԱՊԿ դառնալու հարցը և այն արդեն բարձրաձայնում են…
Հ.Գ.”Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ” օպերացիան շինծու է, քանի որ.
1-ին. Բաքվում շատ լավ գիտեն, որ Հայաստանը դեմ կլինի Ադրբեջանի անդամակցությանը այդ կառույցին,
2-րդ.Ադրբեջանը հենց ինքը չի ցանկանում դառնալ ՀԱՊԿ անդամ…
Բաքվում առաջնորդվում են՝”Փորձը փորձանք չէ” կարգախոսով… Եթե 20-րդ դարի սկզբին Աթաթուրքին հաջողվեց խաբել ռուսներին, ապա ինչն է խանգարում Ալիևին 21-րդ դարի սկզբին ևս փորձել խաբել ռուսներին…
Գագիկ Համբարյան