Նախօրեին Վերաքննիչ դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումն ընտրելու վերաբերյալ պաշտպանների բողոքը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց:
Դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, վերացրեց Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը՝ հաշվի առնելով, որ Քոչարյանն անձեռնմխելի է:
Այս ամենից հետո Հատուկ Քննչական ծառայությունը հայտարարեց, թե որոշման վերացումն ապօրինի է և, որ վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:
Միևնույն ժամանակ նախաքննական մարմինը հույս էր հայտնել, որ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող կառույցը՝ դատախազությունը, վճռաբեկ բողոք կներկայացնի:
Դատավոր Ալեքսանդր Ազարյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ՀՔԾ-ի հայտարարությունները շատ բացասական գնահատեց:
«Իմ համոզմամբ անթույլատրելի է նման հայտարարություններ անել՝ առանց որոշմանը ծանոթ լինելու, առանց տեղեկանալու, թե ինչ պատճառաբանություններ են տեղ գտել որոշման մեջ: Կարծում եմ նաև նման արտահայտություններով որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:
Նրա գնահատմամբ՝ պրոֆեսիոնալ իրավաբանն ուղղակի իրավունք չունի նման արտահայտություն անել: Միևնույն ժամանակ նա չբացառեց նաև, որ նման գնահատականներով ենթադրյալ ճնշման փորձ է կատարվում:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե Ա.Ազարյանը Քոչարյանի նախագահության տարիներին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ, դատավորն ասաց. «Ես որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել այդ գործը քննելու առումով, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չեմ շփվել, նույնիսկ տարբեր մասնաշենքերում ենք աշխատել՝ Քոչարյանը՝ իր նստավայրում, ես՝ ակադեմիայի գրադարանի շենքում»:
Դատավորը նաև հայտնեց, որ կալանքի բողոքի քննության նիստի ժամանակ այդ մասին բացահայտ հայտարարել է կողմերին՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու ժամանակ, սակայն ինքնաբացարկի միջնորդություն իրեն չի ներկայացվել. «Տարակուսանք է առաջացնում այն, որ նշված հարցը բարձրացվում է Հատուկ քննչական ծառայության կողմից հիմա, այսինքն՝ իրենց համար ոչ բարենպաստ որոշում է հրապարակելուց հետո»:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել էր հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: