Search
Close this search box.

Անձեռնմխելիության անօրինական միֆը

Վահե Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անցած շաբաթ արդեն իսկ անդրադարձել եմ անձեռնմխելիությանը: Լավ, ասենք իմ, հեղինակավոր գիտնական իրավաբաններ Արթուր Ղամբարյանի, Գոռ Հովհաննիսյանիի, միջազգային իրավունքի մասնագետ, դիվանագետ Արա Պապյանի, հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանի մեկնաբանությունները պարտադիր չեն դատարանների համար, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՞նը (ՄԻԵԴ):
Մոլդովայի սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մոլդովայի Հանրապետության նախագահն անձեռնմխելի է: Նախագահը չի կարող իրավական պատասխանատվության ենթարկվել իր մանդատի իրականացման ընթացքում արտահայտած կարծիքի համար:
Մոլդովայի նախագահ Վերոնինի կողմից հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ հնչեցված արտահայտությունների համար ընդդիմադիր երկու քաղաքական գործիչ զրպարտության վերաբերյալ հայց էին ներկայացրել դատարան, ինչը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ նախագահն անձեռնմխելի է՝ վկայակոչելով Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասը: Մոլդովայի սահմանադրական դատարանը ևս այն դիրքորոշումն էր արտահայտել, որ «իրավական պատասխանատվությունը» եզրույթը ներառում է քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատվության տեսակները, իսկ նախագահի պատասխանատվությունից ազատ լինելը բացարձակ է և մշտական:
ՄԻԵԴ-ը այս գործով հստակ արձանագրեց, որ թեև նախագահն ունի անձեռնմխելություն, այն բացարձակ չէ և անհրաժեշտ է խուսափել համընդհանուր, ունիվերսլ անձեռձնմխելիությունից: Այս գործով ՄԻԵԴ-ը գտավ, որ խախտվել են դիմողների դատարանի մատչելիության իրավունքը, քանի որ արդար հավասարակշռություն չի ապահովվել հասարակության՝ նախագահի ազատ խոսքը պաշտպանելու հանրային շահի և դիմողների դատարան դիմելու մասնավոր շահի միջև:
Մեր Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Հետևաբար, անձեռնմխելիության վերաբերյալ Սահմանադրության դրույթների մեկնաբանումը ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, պարտադիր պահանջ է:
Եթե Եվրոպական դատարանն ասում է, որ անգամ զրպարտության դեպքում նախագահի անձեռնմխելիությունը չի գործում, իշխանություն յուրացնելու, սահմանադրական կարգ տապալելու դեպքերում գործելու՞ է:

 

Please enter a valid URL