Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով, նշել ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը. «Բոլորը, ովքեր կարող են օգտակար լինել գործի բացահայտմանը, պետք է ուրախ լինեն ներկայանալ քննչական ծառայություն և նյութեր տալ: Այս երկրում չկա մեկը, ով ավելի շատ է շահագրգռված «Մարտի 1»-ի գործի բացահայտմամբ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը»,- նշել է Արամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ իրենք 10 տարում հավաքած բոլոր նյութերը պատրաստ են տրամադրել արդարադատություն իրականացնող մարմնին:
«10 տարի մենք նյութեր ենք հավաքել, գրքեր հրատարակել, ֆիլմեր նկարահանել, դիմել ենք միջազգային եվրոպական բոլոր կառույցներին, կազմել ենք հնարավոր բոլոր հանցագործների ցուցակը: Մենք ունենք բոլոր ոստիկանների ցուցակը, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել, բոլոր դատախազների անունները, որոնք կեղծ մեղադրանքներ են ներկայացրել: Վերջին աշխատանքն արել ենք դեռևս «Մարտի 1-ի» տասնամյակը լրանալուց առաջ: Փաստաթղթերի ժողովածուի հրատարակումից անմիջապես հետո դրա օրինակներն ուղարկել ենք բոլոր շահագրգիռ կողմերին: Դա մի ամբողջ ժողովածու է, որը բավական է «Մարտի 1-ի» գործը բացահայտելու համար: Նյութն այնքան շատ է, որ ամբողջապես ապացուցում է «Մարտի 1»-ի ոճրագործության նախապես կազմակերպված և իրագործված լինելը»,- ընդգծել է Արամ Մանուկյանը:
Ըստ նրա` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է շարունակվի մնալ կալանավորումը: