Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լավրովյան սկանդալն ու դրան ուղեկցած՝ հողեր տալու դիսկուրսի բացումը Հայաստանում միայն արտաքուստ կարող են թվալ, թե միմյանց հետ կապ չունեն: Ինչպես Ռեգիոն կենտրոնի համար գրված հոդվածում էի հիմնավորել, Թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանն ու Լավրովը հայտնվել են անելանելի վիճակի մեջ ու չգիտեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի հետ, ով գրեթե նույնությամբ բայց անհամեմատ ավելի լեգիտիմ կրկնում է Սերժ Սարգսյանի թեզերը՝ Արցախը բանակցությունների կողմ, Արցախի կարգավիճակը՝ առաջինը, հակամարտության համապարփակ լուծում, Ադրբեջանի կողմից կոմպորմիսի գնալու ռեալ պատրաստություն, խաղաղության ապահովում, հատկապես՝ Ռուսաստանի կողմից: Թվարկվածներում չկա մի բան, որ Սերժ Սարգսյանն ասած չլինի, պարզապես ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ասում էր զգուշավոր, անուղղակի, մեկ անգամ ու վախեցած: Փաշինյանի ահռելի հանրային վստահությունը նրան թույլ է տալիս այս ամենն ասել ավելի դուխով, ինչպես ընդունված է պատկերավոր ասել:
Վերադառնանք Լավրովին. Լավրովը սարսափած է, որովհետև Սերժ Սարգսյանը վերը նշված ոճով էր դեմ դուրս գալիս Լավրովի պլանին, Նիկոլ Փաշինյանը՝ ավելի հստակ ու կտրուկ՝ դեռ 2016-ի ամռանից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց Սերժ Սարգսյանի հետ Արցախի դեմ դավադիր կոալիցիա կազմելու մեջ: Ու այս բոլոր սկանդալներին նախորդեց Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը: Որքան էլ այդ հանդիպման մանրամասներ հայտնի չեն, այդուհանդերձ, դրա վերաբերյալ Պանորամային տված իմ մեկնաբանության մեջ բացառել էի, որ Արցախի խնդրում Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի մոտեցումները համընկնեն ու բերել էի տարբեր ապացույցներ: Ու այժմ, երբ Մոսկվայի կողմից խատուրովյան արշավանքն է կազմակերպվում Նիկոլ Փաշինյանի դեմ, հանկարծ ՀԱԿ-ի ներկայացուցիչը բավական հանգամանորեն սկսում է բացատրել, թե հողերը պետք է անվերապահ, առանց նախապայմանի ու անհապաղ հանձնվեն, ինչպես որ պահանջում է Ալիևն ու լավրովյան պլանը:
Իհարկե այսօր Զոյա Թադևոսյանը գրառում կատարեց՝ հայցելով ներողամտություն, բայց կատարվածը պատահականություն չես համարի, հատկապես երբ վերստին դիտում ես տեսանյութը, թե որքան համոռերն է նա հիմնավորում իր ասածը: Այդ նույն պահին Իլհամ Ալիևն է պատասխանում ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի խաղաղության կոչին ու հայտարարարում, թե ինքն էլ խաղաղություն է ուզում, բայց հողերը պետք է ետ տրվեն, ինչպես խոստացվել է Լավրովի պլանով:
Ու ճիշտ էր, որ Նիկոլ Փաշինյանը բացառիկ լռություն պահպանեց այս անմաքուր զարգացումների շրջանում. նա իր ասելիքն ասել է հայտարարություններով, ավելին՝ որդուն Արցախ առաջնագիծ ուղարկելով ու Վենեդիկտովի եթերում խոցելով Իլհամին, որ եթե Արցախը քոնը լիներ, դու էլ քո տղային այնտեղ կուղարկեիր:
Ու չնայած այս հստակ ազդանշանին, Հայաստանում կոնտրհեղափոխականները սրտնեղում են, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի արտահայտվում որևէ դիսկուրսի օգտին՝ որպեսզի Լավրովի վիճակը թեթևանա: Նրա վրա զայրացել է Կրեմլի տիրակալը, թե այս ինչ է կատարվում “մեր ռազմաբազայի քուչում” ու որքա՛ն է շարունակվելու այս ամենը, երբ Կրեմլը չգիտի, թե ինչպես շարունակի Սերժ Սարգսյանի հետ ընդատված բանակցությունները….
Տիրակալի զայրույթն այնքան մեծ էր, որ մուշտին կերած Լավրովը հենց սենյակից լայվ մտավ՝ չօգտագործելով դիվանագիտական խողովակներն ու կոնսուլտացիոն հարթակները….
Այնպես որ պնդում եմ այն, ինչ այսօր ասացի ռուս քաղաքագետ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը. սա ընդամենը պատրվակ էր, հայ-ռուսական հարաբերությունների, այդ թվում կառուցվածքային, աղճատման պատճառներն այլ տեղ են ու դրա մասին պետք է համարձակ խոսել:
“Թավշյա հեղափոպության տեսանելի ու անտեսանելի երեսը” գրվող ու դեռ չհրապարակվող հետազոտությունից
Լավրովագետ Ստեփան Սաֆարյան