«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը: Հետաքրքիրն այն է, որ խոսքը վերաբերել է նաեւ բարձրաստիճան հոգեւորականներին, որոնց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեռեւս հուլիսի 25-ին հրահանգ է եղել վերադարձնել դիվանագիտական անձնագրերը:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւս այդպիսի հրահանգ է տրվել Մայր Աթոռից, սակայն չի մեկնաբանվել, թե ինչու: «Մայր Աթոռից են ասել, որ արտգործնախարարությունը պահանջում է մեր անձնագրերը: Հուլիսի 25-ին եմ այդ մասին տեղեկացել, իսկ չեղարկման մասին էլ` երեկ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա:
Մեր դիտարկմանը` ինչպես են վերաբերվում այդ որոշմանը, Աջապահյանն ասաց. «Թող սպասեին, 8 ամիս հետո կավարտվեր դիվանագիտական անձնագրի ժամկետը, չէինք տա, կասեին` չեն տալիս, այլեւս արտոնյալ չպետք է լինեք: Պարզվում է` մենք արտոնյալ ենք եղել, չենք իմացել»:
Ընդգծենք, որ դիվանագիտական անձնագրեր շնորհելը սահմանված է օրենքով, եւ հստակ ամրագրված է, թե որ պաշտոնյաները եւ նրանց հետ փոխկապակցված որ անձանց է տրվում: Սակայն գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը դիվանագիտական անձնագրեր շռայլել է շատերին:
Նախկին պաշտոնյաներից շատերը մինչ այժմ էլ ունեն այդ անձնագրից: Ընդ որում, համառ տեսակետ կա, որ նոր կառավարությունը նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերն անվավեր է ճանաչել, որպեսզի նրանք հնարավորություն չունենան անարգել լքել երկիրը՝ կոռուպցիոն բացահայտումների, մարտի 1-ի գործի վերաբացման ֆոնին ճողոպրելով պատասխանատվությունից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: