Հուլիսի 31-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում մի ուշագրավ հայտարարություն է արել։ Քանի որ հայտարարությունը տեղադրվել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում, ապա այն կարելի է որպես դիվանագիտական հաղորդագրություն ընկալել։
Քաղաքական նկատառումներ
Ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում վերջերս Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ներառյալ ձերբակալությունները, Լավրովը հայտարարել է, որ վերջին օրերի իրադարձությունները «հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին առ այն, որ իրենք չեն պատրաստվում հետապնդումներ իրականացնել նախորդ իշխանությունների նկատմամբ՝ քաղաքական նկատառումներից դրդված»։ Թեև Սերգեյ Լավրովը հետապնդման ենթարկված որևէ կոնկրետ գործչի անուն չի նշում, սակայն հաշվի առնելով այդ հայտարարությունն անելու պահը, կարելի է եզրակացնել, որ խոսքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության մասին է։
Թե՛ Սերգեյ Լավրովի, և թե՛ Հայաստանի ներքին լսարանի որոշ շերտերի կողմից Քոչարյանի ձերբակալությունը քաղաքական նկատառումներով բացատրելը տարօրինակ է թվում թերևս մի պարզ մարդկային պատճառով՝ Մարտի 1-ի գործով կան սպանվածներ, որոնց սպանության հանգամանքները տասը տարի շարունակ անկախ հետաքննության առարկա չեն դարձել՝ քաղաքական նկատառումներից ելնելով։
Ավելին՝ Մարտի 1-ից բացի եղել են մի շարք դեպքեր, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ ՀՀ նախկին իշխանությունները կիրառել են հատուկ միջոցներ և անհամաչափ ֆիզիկական ուժ, ինչի արդյունքում եղել են բազմաթիվ տուժածներ։ Այս դեպքերը նախկին իշխանությունների կողմից երբեք անկախ դատական քննության չեն արժանացել, մեղավորները չեն պատժվել, իսկ տուժողները տարիներ շարունակ դատական քաշքշուկների և տարբեր դատական ատյաններ դիմումներ ներկայացնելու մղձավանջի մեջ են ապրել։ Այս իրավիճակը պայմանավորված էր նախկին կառավարության կողմից դատական համակարգի ղեկավարմամբ։
Այդուհանդերձ, այսօր պատկերն այլ է՝ ոչ միայն դատական իշխանությունների վրա քաղաքական վերահսկողություն չկա, այլև օրինապահ և դատական մարմինների ներսում կան կոնկրետ հակասություններ։ Այլապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով ներգրավված է բազմամիլիոն կոռուպցիոն սխեմաներում, ձերբակալությունից հետո ազատ չէր արձակվի։
Արդյո՞ք արդարացի է պնդել, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների դեմ կոռուպցիոն կամ այլ մեղադրանքներով սկսված դատական գործերը քաղաքական նկատառումներով են տեղի ունենում։ Բնավ ոչ, նրանք հենց քաղաքական նկատառումներով են տարիներ շարունակ խուսափել արդարադատությունից, ապահով ու հանգիստ վայելել են կոռուպցիայի ու թալանի շնորհիվ ձեռք բերված ունեցվածքը։ Մյուս կողմից էլ, ՀՀ ներկայիս իշխանությունները խոստացել են չիրականացնել վենդետա, այլ ոչ թե բոլոր մահացու մեղքերի համաներում։ Այդուհանդերձ, թե՛ ՀՀ ներքին լսարանի որոշ շերտեր և թե՛ Սերգեյ Լավրովը փաստորեն չեն ընկալում կամ, թերևս, ճիշտ կլինի ասել, չեն ուզում ընկալել արդար դատական քննության և քաղաքական հետապնդումների (նույն վենդետայի) տարբերությունը։
Միջամտություններ
Լավրովի հայտարարությունը անընդունելի միջամտության դրսևորում է՝ երկու տարբեր տեսանկյուններից։ Մի կողմից՝ նրա հայտարարությունը քաղաքական նկատառումների մասին վկայում է առ այն, որ ՌԴ արտգործնախարարը, նորմալ համարելով դատական գործընթացներին քաղաքական միջամտությունը, պնդում է, որ ՀՀ նոր կառավարությունը վերահսկում է դատական իշխանությունը։ Մյուս կողմից, այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Լավրովը կարծում է, թե ՀՀ կառավարությունը կարող է քաղաքական դրդապատճառներով միջամտել և Ռուսաստանին հաճոյանալու համար դադարեցնել Քոչարյանի և Խաչատուրովի գործերի դատական քննությունը։ Հետևաբար՝ մի կողմից Սերգեյ Լավրովը նորմալ է համարում միջամտել ՀՀ ներքին խնդիրներին, մյուս կողմից էլ՝ նորմալ է համարում Հայաստանում քաղաքական իշխանության միջամտությունը դատականի գործերին։
2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, թերևս, առաջին անգամ 2013 թվականի ռուս-ադրբեջանական զենքի վաճառքի պայմանագրից հետո ՀՀ ներքին լսարանում Ռուսաստանի վարկանիշը որոշակիորեն բարձրացել էր՝ հենց Հայաստանի ներքին գործերին միջամտության բացակայության պատճառով։ Այդուհանդերձ, նմանատիպ միջամտությունները և գնահատականները վստահաբար ավելի շատ վնասում են ՀՀ-ՌԴ հարաբերություններին, քան ամրապնդում դրանք։
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»