Պաշտոնական Մոսկվան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մակարդակով հասկացրեց Նիկոլ Փաշինյանին,որ շատ դժգոհ է վերջինիս ներքին քաղաքականությունից… “Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին՝ նախորդ իշխանություններին քաղաքական հետապնդումների չենթարկելուն…”,-հայտարարել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Մոսկվայում մեծ ուրախությամբ ընդունեցին այն փաստը, որ մայիսին Հայաստանում ծագած քաղաքական ճգնաժամը լուծում ստացավ բոլոր քաղաքական ուժերի համախմբվածության շնորհիվ և ՌԴ իշխանությունները հույս ունեին, որ հաջորդող գործընթացները նույն ոգով ևս կշարունակվեն, սակայն ՀՀ իշխանությունների վերջին քայլերը հակասում են նրանց նախորդ հայտարարություններին…
Այսպիսով, տեղի ունեցավ այն, ինչին շատերը սպասում էին… Կրեմլը դեղին քարտ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին…
Փաշինյանի իշխանության գալուց հետո հայ-ռուսական հարաբերությունները գահավիժում են…Չնայած այն հանգամանքին,որ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի արտաքին քաղաքականության մեջ նախընտրելի են մնալու ՌԴ-ի,ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, Պուտինը դրանց չհավատաց… Նախ, Փաշինյանի կառավարության մեջ ընդգրկված և Երևանում հակապուտինական ցույցերին ակտիվ մասնակցած անձանց առկայությունն ՀՀ իշխանությունների վերնախավում մեծ դժգոհություն առաջացրեց Մոսկվայում… Փաշինյանի բրյուսելյան այցը ևս դուր չեկավ Կրեմլին… Բավական մեծ փորձություն էր հայ-ռուսական հարաբերությունների համար Փանիկի միջադեպը,երբ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները լարելու մեջ բացահատ մեղադրեց ռուսական 102-րդ ռազմաբազային, որը, առանց տեղական մարմիններին նախազգուշացնելու, Շիրակի մարզի ամենամեծ գյուղերից մեկի տարածքում զորավարժություններ էր կազմակերպել…
ՌԴ-ն այս ընթացքում լռում էր…Սակայն Մոսկվայի “համբերությունն” ավարտվեց, երբ Փաշինայնը սկսեց մաքրազերծել Հայաստանի քաղաքական դաշտը կոռումպացված և հանցանքների մեջ կասկածվող տարրերից, որոնք սերտ կապերի մեջ են ՌԴ վերնախավի հետ…Կրեմլում այնքան էլ չհավատացին Փաշինյանի արդար նկրտումներին. բոլոր հանցագործները պետք է պատժվեն… Պուտինն այդ արդարության հետևում այլ բան է տեսնում՝այս փուլում Փաշինյանը ցանկանում է Երևանի ավագանու և սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ մաքրել քաղաքական դաշտը “հնացած” կուսակցություններից և գործիչներից,որոնք կարող են խնդիրներ ստեղծել իր հարազատ “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության համար,ինչպես նաև որոշ գործիչների “կուլակաթափության” շնորհիվ լցնել հարազատ քաղաքական ուժի բյուջեն և պետության գանձարանը…
Սերժ Սարգսյանի հարազատների հետախուզումը, Քոչարյանի ձերբակալությունը և Խաչատուրովի հետկանչման գործընթացը սկսելուց հետո Մոսկվայում հասկացան,որ Փաշնինյանը այսքանով չի սահմանափակվի…Կարող են հաջորդել ” Եդինայա Ռոսիա “-ի գործընկեր Ծառուկյանի և Մոսկվայի հետ սերտ համագործակցող հայազգի միլիարդատերերի հայաստանյան ակտիվների “կուլակաթափությունը” և նրանց “փչացման” գործընթացը ևս… Հենց դրանք կանխելու համար էլ Մոսկվան հայազգի Լավրովի շուրթերով հայտնեց իր դժգոհությունը ՀՀ իշխանություններից… Ու սա ընդամենը այս փուլում…
Լավրովի այս հարցազրույցը բացահայտ մեր երկրի ներքին գործերին միջամտել է նշանակում…
Ես ինքս ո՛չ ռուսամետ եմ,ո՛չ էլ արևմատամետ…Բայց հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, ինչպես նաև տարածաշրջանում՝Մեծ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, խորհուրդ կտամ ՀՀ իշխանություններին ավելի զգույշ լինել…Մենք չպետք է մոռանանք 20-րդ դարի սկզբի իրադարձությունները,ինչպես նաև այլ միջոցներ, որոնք Մոսկվան կկիրառի Հայաստանի դեմ…Իսկ դրանք շատ բազմազան են…Ցավոք, մեր աշխարհագրական դիրքը, Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևանների առկայությունը, Արցախյան հիմնահարցը, մեծ հայկական սփյուռքի առկայությունը ՌԴ-ում և մեր անվտանգության ապահովման հարցերը բավական նվազեցնում են պաշտոնական Երևանի մանևրելու հնարավորությունները Մոսկվայի հետ բանակցություններում, որը վերջին շրջանում շատ ծանր է տանում իր գործընկերների “կոմպլեմենտար” քաղաքականությունը…
Գագիկ Համբարյան