Երբ Հայաստանի նոր իշխանությունները Էջմիածինը ազատեցին իրեն զորավար հռչակած, սակայն իրականում բռնարար ու թալանչի Մանվել Գրիգորյանի տրիապետությունից, երբ պարտադրված Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, և նոր իշխանությունը Էջմիածնի քաղաքապետ նշանակեց իր թիմի ներկայացուցիչ Դիաննա Գասպարյանին, Էջմիածնի քաղաքացիների մոտ հույս առաջացավ, որ նոր քաղաքապետը հետաքննություն կնախաձեռնի պարզելու իր նախորդների կատարած իրավախախտումները:
Գրիգորյանները գրավել էին Էջմիածնի քաղաքապետարանը և 10 տարի շարունակ քաղաքի բյուջեի հետ վարվում էին` ինչպես անձնական ունեցվածքի, և նոր քաղաքապետի խնդիրը պետք է լիներ արդարության վերականգնումը, թալանված գումարների վերադարձը: Դիաննա Գասպարյանը հայտարարեց, թե քաղաքապետարանի բյոււջեից տարեկան 7 մլն դրամ է ծախսվել ծաղիկներ և ծաղկեպսակներ գնելու համար, իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ ուռճացված թվեր են ծախսվել հյուրասիրություների կամ հրավառությունների վրա, բայց դա չի դառնում քրեական մեղադրանք, Գասպարյանի ասածը մնում է ընդամենը մտահոգություն, առանց հետ բերելու վատնված գումարները: Բացի դա, ներկայացվածը Գրիգորյանինների ապօրինի գործունեության մի դրվագ է և այն էլ ամենափոքրը:
Մենք փորձել ենք անցկացնել մեր հետաքննությունը և ընդամենը մի քանի փաստեր կարող ենք ներկայացնել, որոնք կարող են արժանանալ ոչ միայն քաղաքապետի, այլ նաև իրավապահ մարմինների ուշադրությանը: Պարզվում է` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ունեցել է միանգամից երկու վարորդ, երկու ծառայողական մեքենա, երկու խորհրդական և երկու օգնական: Այս մեքենաներին վառելիքով ապահովելու, դրանց տեխնիկական սպասարկման, ինչպես նաև վարորդների, օգնականների ու խորհրդականների աշխատավարձերի վճարման համար քաղաքապետարանի բյուջեից տարեկան վճարվել է 37 մլն դրամ գումար: Թե այդ ինչ ծանր աշխատանք էր կատարում Գրիգորյանը, որ նման ուռճացված սպասարկող անձնակազմ է պահել, դժվար է հասկանալ:
Փաստ է սակայն, որ Հայաստանում չկա որևէ այլ քաղաքապետ, որը համայնքային բյուջեից վճարի երկու վարորդի կամ երկու մեքենայի համար: Եթե առաջին մեքենայի առկայությունը ինչ- որ տեղ հասկանալի է, ապա երկրորդ մեքենան ուղղակի շռայլություն է, համայնքային միջոցների ուղղակի վատնում, որի համար նախկին քաղաքապետը պետք է պատասխան տա, նաև ֆինանսական:
2018թ. հունիսի 16-ին Էջմիածնի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Բարեկարգում» տնօրինությունից միաժամանակ ազատման դիմում գրեցին մի քանի աշխատակիցներ: «Բարեկարգումը» համայնքային ենթակայության տակ գտնվող կառույց է, որը զբաղվում է սանմաքրմաման աշխատանքներով, համայնքային նշանակության միջոցառումների կազմակերպմամբ: Բայց ազատված աշխատողները ոչ մի կապ չունեին «Բարեկարգման» հետ, չէին զբաղվում քաղաքի սանմաքրմամբ, վարորդներ ու հավաքարարներ չէին, թեև գրանցված էին այդ կազմակերպությունում` որպես աշխատողներ և երկար տարիներ կազմակերպությունից աշխատավարձ էին ստանում: Պարզվում է, որ սրանք էլ ինքնահռչակ զորավար Մանվելի սպասարկող անձնակազմն էր: Մասնավորապես` դրանց մեջ էր Մանվելի գլխավոր թիկնապահ Պելեն, ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի գործավարները, Գրիգորյանի վարորդը: Մանվել Գրիգորյանը և նրա որդին սովորություն չունեին որևէ մեկին, անգամ իրենց թիկնապահին կամ վարորդին վճարել սեփական գրպանից, նրանց փոխարեն վճարում էր համայնքը կամ ամբողջ երկիրը: Մանվելի սպասարկման համար քաղաքի բյուջեից տարեկան ծախսվել է տասնյակ միլիոնավոր գումարներ:
Սա միայն Կարեն Գրիգորյանի կողմից համայնքային միջոցների վատնման մի փոքր օրինակ է: Քաղաքապետարանում իրականացված աուդիտը կբացահայտի, որ քաղաքապետարանի բյուջեի առյուծի բաժինը յուրացվել է Մանվել և Կարեն Գրիգորյաններ հանցագործ զույգի կողմից: Ինչու ուրեմն նոր նշանակված քաղաքապետը չի կազմակերպում նման աուդիտ, չի ուզում բացահայտել իր նախորդի կատարած հանցագործությունները և դրանց մասին նյութերը ուղարկել իրավապահ մարմիններ: Չէ որ համայնքային բյուջեից կատարված թալանը պակաս հանցագործություն չէ, քան զինվորին հասանելիք մսի պահածոյի կամ խտացրած կաթի գողությունը, էլ չենք խոսում այն մասին, որ ֆինանսական առումով Էջմիածնին հասցված վնասը տասնապատիկ ու հարյուրապատիկ ավելին է, քան պահածոների գումարը: Բարոյական առումով ևս այդ թալանի հետևանքները պակաս զազրելի չեն, ի վերջո իրենց վարորդներին, թիկնապահներին ու գործավարներին այս մարդիկ գումար են վճարել մանկապարտեզների երեխաների հացը գողանալու հաշվին:
Ինչի՞ց կամ ո՞ւմից է վախենում Դիաննա Գասպարյանը նման հետաքննություն չնախաձեռնելով: Չէ որ միայն կատարված հանցագործության լիակատար բացահայտումն ու դրա հեղինակների արդարացի պատիժն է այն միակ երաշխիքը, որ որևէ մեկի մտքով չի անցնի այլևս կրկնել նույն հանցանքը: Թե չէ սեփական ֆեյսբուքյան էջում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առիթով կարող է ուրախանալ յուրաքանչյուրը: Քաղաքապետից պահանջներն ու սպասելիքները բոլորովին այլ են:
ArmLife.am