Search
Close this search box.

«Ուզում էի գոռալ, բղավել՝ ես մարդասպան չեմ, ես ոչ մեկին չեմ զրկել կյանքից». Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը հավատում է, որ մի օր իր դուռն էլ կբացվի

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի՝ ArmLIfe.am-ին ուղարկված  «Սպասման դատապարտվածը» հոդվածը ներկայացնում ենք ստորև.

23 տարի շարունակ օգոստոսի 3-ը՝ ծննդյան օրս դիմավորում եմ փշալարերի հետևում։ 55 տարեկան…Աստված իմ, աչքիս առաջ 1997 թ. դեկտեմբերի 25-ն է, Սուրբ Ծննդյան օրը, երբ դատավորը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, կարդաց մահապատիժ։ Շոկ, տագնապ, մղձավանջ, փակեցի աչքերս՝ չհասկանալով ոչինչ։ Մահապատիժ ու ոստիկանները ճաղավանդակների մեջ ձեռնաշղթան են հագցնում։ Ուզում էի գոռալ, բղավել՝ ես մարդասպան չեմ, ես ոչ մեկին չեմ զրկել կյանքից։ Չկարողացա նայել դահլիճում գտնվող հարազատներիս կողմը, միայն զգացի 6 տարեկան Մարիամիս ու 8 տարեկան Նորայրիս անհասկանալի անմեղ հայացքները։ Դե արի ու մի խենթացիր, արի՝ համոզիր, որ մի օր ճշմարտությունը կպարզվի։ Մնում էր սպասել մահապատժի։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի չարաբաստիկ հրամանով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Իբրեւ մարդասիրական քայլ, բայց էլի սպասում։ Սպասում՝ 23 տարի՝ աննկարագրելի տանջանքներով, հոգեվարք ապրող բախտակից ընկերոջ վերջին խոսքերով։ Սպասում՝ պայքարի, որ երբեմն պոռթկման է վերածվում, երբեմն հուսահատության, երբեմն էլ ուզում ես հաշտվել քեզ բաժին հասած ճակատագրի հետ։ Բայց ոչ, հաշտության ոչ մի եզր ու օգոստոսի 1-ին լրացավ 15 տարի, որ սպասումով պայքարում ենք քոչարյանական հրամանի դեմ։ 15 տարի տարբեր ատյանների ահազանգում ենք, որ վերանայեն մարդասիրականի որոշման արժանացած մոտ 30 ցմահի դատավճիռները։ Մեղավոր ենք՝ չնայած անմեղներ էլ կան, բայց մեղավորներն էլ զղջում են, ապաշխարում, ու ներում ստանում։ 23 տարի. քեզնից բացի հարազատներդ են սպասում, որ դատապարտյալներին վերաբերող ցանկացած օրենսդրական բարեփոխումից հետո սրտատրոփ հարցնում են՝ կլինի մի բան, կփոխվի արդյոք մի բան։ Հուսադրում ես՝ էլի սպասելով, փորձում իրական դարձնել այստեղից-այնտեղից ականջիդ հասած լուրիկներն ու էլի սպասել։ Այս անգամ արդեն թոռնիկներդ են հարցնում՝ պապի ջան, երբ ես գալու, մենք մոմ ենք վառում ու Աստծված պապիկին խնդրում։ Հավատում ես ու սպասում, որ Աստծո կամոք մի օր ցմահիս դուռն էլ կբացվի ու ….. 55 տարեկան եւ արդեն նոր Հայաստանում։ Իրավիճակ է փոխվել։ Լայվեր չենք կարող անել կալանավայրից, բայց պայքարի մեր ձայնը բաց նամակների ու հոդվածներով ենք լսելի դարձնում։ Նոր իշխանությունները լսում են, արձագանքում։ Արդարադատության նախարարը հրապարակավ հայտարարեց, որ առաջիկայում փոփոխություն է լինելու։ Առաջիկան՝ մեծ ժամանակ է, դարձյալ սպասում….Սպասում, բայց ուզում եմ լավատես լինել ու հավատալ, որ ծննդյանս հաջորդ տարեդարձը դիմավորելիս՝ որևէ մամուլի սրահում կհայտարարեմ. պայքարի ու սպասումի մեր տարիները նոր Հայաստանում արդյունք տվեցին։

Ստեփան Գրիգորյան

Please enter a valid URL