Search
Close this search box.

ՀՀԿ պատգամավորի որդին ծեծել է, իսկ պատգամավոր հայրը 100 հազար դրամ է առաջարկել` լռելու դիմաց

Երևանի Բլուր կոչվող թաղամասում ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդին ծեծի է ենթարկել «U taxi»-ի վարորդ Արտակ Վարաժյանին։ Պատճառը, Արտակի պատմելով, եղել է այն, որ ինքը Կիևյան փողոցով երթևեկելիս է եղել, երբ ճանապարհին պատգամավորի որդին ռուսական պետհամարանիշով Lexus-ով փորձել է մտնել ճանապարհ՝ առանց նայելու՝ հետևից մեքենա գալիս է, թե ոչ։

«Ես իրեն ազդանշան տվեցի, որ շատ հետ չտա, թե չէ կխփի, դրանից հետո ինքն էլ ազդանշան տվեց մի քանի անգամ, հետո կանգնեց ու վրդովված իջավ ու միջադեպը սկսվեց։ Ինքն էլ ասեց՝ գիտեմ, ես էլ եմ դրա համար ազդանշան տվել։ Ես ասացի՝ բայց ի՞նչ կարիք կար այդքան երկար ազդանշան տալու, ինքն էլ վրդովվեց ու իջավ մեքենայից ու միանգամից սկսեց։ Երթևեկության կանոնները ինքն է խախտել։ Ես վերևից 60կմ/ժ արագությամբ մեջտեղի գծով իջնում էի, ինքը հետ տվեց միանգամից։ Ինքը պետք է նայեր՝ մեքենա չլիներ, նոր հետ տար։ Ես միայն իր դոշերից եմ հավաքել, չեմ խփել, քանի որ մեքենայի մեջ կանայք կային»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմել է տուժողը, որը վնասվածքներ է ստացել ճակատի, ոտքի և թևի շրջանում։

Արտակի խոսքերով՝ միջադեպին ականատես մարդիկ իրեն հորդորում էին «գործ չունենալ այդ տղայի հետ, փախնել այդտեղից, ինքը չգիտի՝ թե ում տղան է»։ Տաքսու վարորդը հետո է պարզել, որ խոսքը եղել է պատգամավորի որդու մասին, որն այդ թաղամասում մեծ առանձնատուն է կառուցում և անընդհատ գնում-գալիս է։ «Փողոցի բաժանողները ասում էին, գործ չունես, գիտես՝ ով ա։ Հետո որ հարցնում էի՝ ո՞վ ա, չէին ասում, ասում էին՝ չենք ճանաչում, այդ տղուն առաջին անգամ ենք տեսնում։ Մի տարեց մարդ կար, որն ասաց, որ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի տղան է, որը էդտեղ մեծ տուն է կառուցում, կարմիր քարով»,- պատմեց նա։

Արտակ Վարաժյանը դիմել է ոստիկանություն, իր գրավոր դիմումն ընդունվել է, ստորագրվել ու կնքվել։ «Դիմումս մանրամասն ընդունեցին ու վստահեցրին, որ այս գործը հատուկ մարդիկ են քննելու, ասացին՝ մի տոկոս չկասկածես՝ գործը բացահայտվելու է, ինքը պատասխանատվության է ենթարկվելու, մենք երաշխավորում ենք, 100 տոկոս»,- հավելեց տուժած տաքսու վարորդը։

Ի դեպ՝ մեկ կարևոր հանգամանք ևս։ Պատգամավոր Վարդապետյանի կողմից տուժած վարորդին 100 հազար դրամ են առաջարկել լռելու և ոստիկանություն չբողոքելու համար, սակայն վերջինս հրաժարվել է։ Արտակ Վարաժյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, որտեղից էլ ուղարկել են տարածքային պոլիկլինիկա ստուգումների։

Please enter a valid URL