Երկաթուղայինների օրվա առթիվ, որը տոնում են օգոստոսի առաջին կիրակի օրը, մի շարք ներկա եւ արդեն թոշակի գնացած երկաթուղայիններ բաց նամակ են հղել վարչապետ Փաշինյանին: Այն ուղարկել են են նաեւ ԱԺ ԵԼՔ խմբակցություն՝ խնդրելով հրապարակել:
1. Հարգելի վարչապետ, այս ընթացքում մենք մեր հնարավորությունների սահմանում մասնակցել եւ սատարել ենք ձեր թավշյա հեղափոխությանը՝ հույս ունենալով, որ այն իրապես կազդի ՀՀ բոլոր քաղաքացիների վրա: Եվ ձեր պաշտոնավարման այս ամիսները ցույց են տալիս, որ մենք իզուր չենք հույսեր փայփայել: Եթե դուք կարողացել եք արդարադատությանը հանձնել մի շարք արտոնյալ պաշտոնյաների, ապա վստահ ենք՝ մի օր ձեր ձեռքը կհասնի նաեւ երկաթգծին: Սակայն ինչքան շուտ գա այդ օրը, այնքան շատ կլինեն շանսերը՝ փրկելու բացառիկ ստրատեգիական կառույցը: Ուստի խնդրում ենք անհապաղ զբաղվեք երկաթգծով: Մեզ պետք չէ շնորհավորել, պատվոգրեր հանձնել, կարմիր լենտեր կտրել, պետք է փրկել: Այստեղ աշխատող ՀՀ քաղաքացին իրավազուրկ է, մենք՝ հասարակ երկաթուղայիններս անգամ վարչության շենք իրավունք չունենք մտնել, կարծիք հայտնելու, որեւէ խնդիր բարձրացնելու, պայքարելու մասին էլ չասած:
2. Մի հավատացեք այն բոլոր թվերին, որոնք ձեզ ներկայացնում է երկաթուղու ղեկավարությունը, եկեք Դիլիջան-Իջեւան հատվածի ցանկացած կայարան. Մխչյան, Արեւիկ, Սոլակ, Բայանդուր, Այգեվան, որտեղ կուզեք, եւ կտեսենք, թե որտեղ են ծախսել ներդրումային գումարները: ՀԿԵ ղեկավարության ջանքերով այս ընթացքում փակվել է 9 կայարան, այդքան աշխատատեղ կրճատվել է, այսքան մասնագետ մնացել անգործ եւ արտագաղթել, սա կոնցեսիոն պայմանագրի լուրջ խախտում է, դրա համար կարելի է ամբողջ պայմանագիրը չեղյալ հայտարարել: Սակայն երկաթուղու ղեկավարությունը ոչ միայն փակել է այդ կայարանները, այլեւ դրանց ենթակառուցվածքները մաս-մաս վերածել են մետաղաջարդոնի, վաճառել եւ գրպանել:
3. Մի խաբվեք 1960-1970-ականների գնացքներով, որոնք ներկել եւ նորից վերաբացում են, դրանք իրականում շահագործման իրավունք չունեն, իսկ վերջին տասը տարվա մեջ գնած միակ գնացքը շաբաթը մեկ անգամ շահագործում են Գյումրի-Երեւան ուղղությամբ, պինդ պահում՝ պաշտոնյաների այցի ժամանակ նկարվելու համար: Այդ գնացքի վրա ծախսել են մոտ 2,5մլն դոլար, մինչդեռ դրա իրական արժեքը 0,5մլն դոլար է: Մենք կասկածներ ունենք, որ դա նոր չէ, այլ վերանորոգված, քանի որ Հայաստան բերելուց հետո շարքից դուրս եկավ եւ փորձեցին Փոթիով ուղարկել Ռուսաստան՝ վերանարոգման, սակայն չստացվեց, ուստի մասնագետների հրավիրեցին դրսից:
4. Այս տարիների ընթացքում երկաթոււղու ղեկավարությունը հետեւողականորեն ապամոնտաժում է գծերը եւ վաճառում, եթե մի քանի տարի առաջ ռելսերը վաճառում էին Արարատյան դաշտավայրի խաղողագործների վրա, ապա այժմ դրանք ուղարկում են Ռուսաստան: Նախորդ իշխանությունները 2008թ ջրի գնով՝ 849մլն դրամով երկաթուղու ամբողջ շարժակազմը վաճառեցին ՀԿԵ-ին, իսկ երկաթուղու ղեկավարությունը ոչ միայն որեւէ նոր բան չի անում, այլեւ հինը քանդում եւ վաճառում է:
5. Տարիներ ի վեր երկաթուղու ղեկավարության կոռուպցիոն գործարքների, սեփական ընկերություններից գնումներ կատարելու մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, սակայն իրավապահները անգործության են մատնված, որեւէ բան չեն բացահայտել, մնում է եզրակացնել, որ ՀԿԵ ղեկավարության հետ գաղտնի պայմանավորվախուծություններ ունեն:
6. Այս տարիների ընթացքում ռուսները ամբողջ երկաթգիծը լցրեցին դրսից բերված իբր մասնագետներով, որոնք աստղաբաշխական գումարներ են ստանում, իսկ շատ երկաթուղայինների ապօրինի ազատում են աշխատանքից, ուղարկում թոշակի:
7. Երկաթուղու ամբողջ թալանի պատասախանատուն գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն է, նրա հետ միասին երկաթուղին թալանում են գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանը, տեղակալներ Արմեն Դարբինյանը, Իլյա Կելպերիսը, ներդրումային գումարները թալանը համակարգող Նիկոլայ Անտոնով, մատակարարման ծառայության պետ Լադոշան, գործերի կառավարիչ Կարեն Անտոնյան: Միայն ձեր հանձնարարությամբ՝ իրավապահները կբացահայտեն այս անձանց տարիներ ի վեր տեւող թալանը: Մենք հավատում ենք, որ այդ օրը չի ուշանա: