Search
Close this search box.

Դավիթ Հարությունյանը ծայրաստիճան մտահոգիչ է համարում երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը

Մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի: Հուլիսի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Իրավիճակն այդ օրերին Երևանի կենտրոնում այնպիսին էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի: Սա ասում եմ, որպես քաղաքացի, ում տան մոտակայքում էին կատարվում բուն գործողությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը նշեց է, որ արտակարգ դրություն հայտարարելը մտնում է ՀՀ նախագահի այն գործիքակազմի մեջ, որը նրան տրված է Սահմանադրությամբ, և իր պաշտոնավարման ընթացքում իր արածների համար նախագահը չպետք է պատասխան տա լիազորությունների դադարումից հետո:

«Նախագահի խնդիրների մեջ ամրագրված էր, որ նա պարտավոր է ապահովել ՀՀ անվտանգությունը: Եվ հենց այդ լիազորությունները, որոնք տրված են նախագահին իր առջև դրված խնդիրները լուծելու համար, դրանցից բխող ցանկացած գործողություն, չեն կարող ենթադրել հետագայում պատասխանատվություն այդ քայլերի համար: Այլապես, ցանկացած նախագահ, ամենավճռորոշ պահին, երբ պետք է ռազմական դրություն, ընդհուպ` պատերազմ հայտարարի, նա կարող է լինել կաշկանդված, մտածելով` իսկ ի՞նչ կլինի իշխանափոխությունից հետո»,- նշեց նախկին նախարարը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, Հարությունյանը ՀՔԾ- տարածած հաղորդագրությունում իրավական լեզու չի տեսնում:

«Իմ իրավական գնահատականը տվել եմ այն հաղորդագրությանը, որը օրեր առաջ Միքայել Հարությունյանի հետ կապված հնչել էր մամուլում, և, գրեթե անփոփոխ, հնչել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ կապված։ Այդտեղ ես իրավական հատված չեմ տեսնում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա ծայրաստիճան մտահոգիչ համարեց երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը: Հարությունյանի խոսքով` արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը նախատեսում է ԶՈՒ օգտագործումը արտակարգ դրության ժամանակ:

«Օրենքն ընդունվել է 2012թ.-ին, իսկ օրենքի նախագիծն անցել է Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը, և այդ առումով  որևէ առարկություն չի եղել, որովհետև նմանատիպ մոտեցում որդեգրված է բազմաթիվ երկրներում»,- նշեց Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանի խոսքով` շուտով այս հարցի շուրջ Հանրապետական կուսակցությունը կներկայացնի իր քաղաքական գնահատականը:

Please enter a valid URL