Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի կտրուկ հայտարարությունը Սանկտ-Պետերբուրգում

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի մի քանի տասնյակ հայ գործարարների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը և խոսել մասնավորապես էներգետիկայի և գազի ոլորտներում ՌԴ-ի հետ հարաբերություններում Հայաստանի շահերի մասին:

«Մեր հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական օրակարգ և կոնտեքստ չի եղել: Հեղափոխության պրոցեսի մեջ ոչ մի արտերկրյա ուժ ներգրավված չի եղել: Սա ասել եմ շփումների ընթացքում և հպարտ եմ դրա համար. սա ինձ համար նաև անձնական արժանապատվության հարց է: Մենք մեզ նվաստացած կզգայինք, եթե պարզվեր, որ ինչ-որ մեկը եկել ու մեր երկրում հեղափոխություն է արել: Ասել ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում սկզբունքները և մտադիր ենք հարաբերությունների որակը բարձրացնել: Համոզված եմ, որ այդ ճանապարհին ենք: Մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով և ասել ենք, որ մեզ համար ԵԱՏՄ անդամ լինելը և հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը շատ կարևոր է, ու ամեն ինչ անելու ենք այս ուղղությունը զարգացնելու համար: Ռուսաստանի դեմ չենք արել ոչ մի բան, և հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունն էլ մեր դեմ ոչինչ չի արել: Այո, ՌԴ-ն գերտերություն է, սա չենք դնում հաշվարկից դուրս, բայց հարաբերությունների իրավահավասարության սկզբունքը շատ կարևոր է: ՌԴ մեր գործընկերների հետ հենց առաջին շփումների ընթացքում եղել է արձանագրում, որ ՌԴ-ն բացառիկ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը: Ոչ մի խոչընդոտ չկա հարաբերությունների զարգացման մեջ», նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը խոսել է նաև էներգետիկայի և գազի ոլորտներում երկու պետությունների հարաբերությունների մասին:

«Երբ խոսում ենք ՌԴ գործընկերների հետ, նրանք շատ զարմանում են իմ տված տեղեկատվության վրա: Երբ նրանք ասում են, որ ՌԴ-ն Հայաստանին ամենաէժան գազն է վաճառում՝ սահմանին 150 դոլարով, ես ասում եմ, որ ՀՀ քաղաքացին համաձայն չէ այդ կարծիքի հետ, քանի որ մարդկանց տներ այն մտնում է 300 դոլարով: Նրանք զարմանում են, թե ինչպես կարող է նման բան լինել, իսկ ես ասում եմ, որ նման բան կա: Հայաստանում գազալցակայանների պաշտոնական շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրկնակի ավելացել է: Փոխվել է այն, որ զգացել են, որ իրենց հետևում են: Պետք է այդ հարցերով զբաղվենք և զբաղվելու ենք: Նույնը վերաբերում է էներգետիկային: Էներգետիկ ոլորտում մեր միջազգային գործընկերների հետ հանդիպումներում հանդիպում ենք փաստի, որ Հայաստանի շահերն արհամարհված են: Պարզվում է, որ որևէ էներգետիկ ընկերություն ցանկանում է օբյեկտ կառուցել Հայաստանի ժողովրդի հաշվին, ասում է, որ արտադրած էլեկտրաէներգիան պետք է արժենա երկու դրամ, բայց իրականում դա պետք է արժենա մեկ դրամ, հետո ասում է, որ Հայաստանը պետք է պարտավորվի 20 տարի այդ էլեկտրաէներգիան գնել: Պարզվում է, որ Հայաստանում գտնվել են մարդիկ, որոնք այդ թուղթը ստորագրել են ու համաձայնության են եկել: Ակնհայտորեն Հայաստանի շահերն այս հարցերում արհամարհված են: Ունենք վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում ոչ Հայաստանի մեղքով, բայց Հայաստանը պարտաճանաչ վճարում է դրանց սպասարկման համար, ու պարզվում է, որ Հայաստանում եղել են մարդիկ, ովքեր ստորագրել այդ պայմանագրերը: Այստեղ իրենց հետաքրքրել է իրենց գրպանի շահը: Էներգետիկան անկյունաքարային նշանակության ոլորտ է, և պատրաստվում ենք կարգի բերել: Միջազգային գործընկերներին ասում ենք, որ պետք է բանակցենք. այնտեղ, որտեղ Հայաստանի շահը պահպանված չէ, ուղղակի կկանգնեցնենք պրոցեսները, որևէ մեկին թույլ չենք տա, որ Հայաստանի շահն արհամարհի»,- ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ էներգետիկայի շուրջ Ռուսաստանի գործընկերների հետ ևս համագործակցված աշխատանք է տարվում:
lragir.am

Please enter a valid URL