Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
–խուսափել արևի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,
–օգտագործել սովորականից շատ ջուր, օրական` մոտ 3 լիտր, կարելի է օգտագործել նաև թան, հանքային ջրեր, առանց շաքարի բնական հյութեր,
–չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում:
–չգնել բացօթյա պայմաններում պատրասվող և վաճառվող, հատկապես արագ փչացող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք,
–արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
–ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,
–ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը: