Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ.
—Երեկ դատարանը կրկին հրաժարվեց գրավի դիմաց ազատ արձակել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին, և Ծառուկյան դաշինքի որոշ պատգամավորներ դատարանի այդ որոշումը բնորոշեցին քաղաքական: Արդյո՞ք թավշյա հեղափոխությունից հետո դատարանները շարունակում են կատարել իշխանության պատվերը և իրավական որոշման փոխարեն քաղաքական վճիռներ են կայացնում:
-Ցավալի է դրա մասին խոսել, քանի որ հեղափոխությունից հետո մարդկանց մոտ հույս էր արթնացել, որ դատական համակարգը դուրս կգա իշխանության ազդեցությունից, և դատավորները իշխանության պատվերը այլևս չեն կատարի: Բայց այսօր մենք տեսնում ենք դատավճիռներ, որոնք ոչ մի կապ չունեն իրավունքի և օրինականության հետ: Էդուարդ Բաբայանը 22 օր է, արդեն, որ գտնվում է անազատության մեջ, և դրա համար ոչ մի հիմք չկա. այն մարդը, ով ցուցմունք էր տվել նրա դեմ, մեղադրելով իրեն ծեծի ենթարկելու մեջ, հրաժարվել է իր ցուցմունքից: Ավելին, նա արդեն հայտարարել է, որ Բաբայանի դեմ ցուցմունք տալու ժամանակ եղել է «պրոմիդոլ» անունով դեղի ազդեցության տակ, որը ինչպես գիտենք հոգեմետ դեղ է, այսինքն՝ մարդը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում: Այդ անձնավորությունը դիմում է գրել, որ իրեն պարտադրել են ցուցմունքներ գրել Գագիկ Ծառուկյանի և Էդուարդ Բաբայանի դեմ, և ինքը ստիպված է եղել կատարել այդ պահանջը, որպեսզի հայտնվի ազատության մեջ: Հիմա ենթադրյալ տուժողն ասում է, որ ինքը բողոք չունի Բաբայանից, որ իրեն ավելի շատ ճնշել են քննիչները, բայց մյուս կողմից դատարանը չի ուզում հաշվի առնել այս ակնհայտ հանգամանքները և Բաբայանին պահում է անազատության մեջ: Եթե չկա իրավական բացատրություն, մնում է մտածել, որ, այո, դատարանը կատարում է քաղաքական պատվեր, կատարում է նոր իշխանության հանձնարարությունը, շեղվելով օրենքից:
Իմ վրա վատ ազդեցություն է թողնում նաև կալանավորման ձևը, երբ մարդուն կալանավորում են դիմակավորված անձինք: Ինչ իմաստ ունեն այդ ցուցադրական շոուները, ահաբեկիչ եք կալանավորում, թե զինված հանցախումբ, մարդուն կարելի է հրավրել ոստիկանություն և եթե նա հրաժարվում է կատարել օրինական պահանջը, միայն այդ դեպքում կարելի է դիմել այլ օրինական գործողությունների: Չլինի՝ ուզում են հասարակությանը վախի մեջ պահել, որովհետև կառավարման այլ միջոց չգիտեն կամ չունեն:
-Ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը Բաբայանին անազատության մեջ պահելով:
-Իշխանությունը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և հասկանում է, որ իր հիմնական քաղաքական հակառակորդը «Ծառուկյան» դաշինքն է, ԲՀԿ-ն և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ի և Ծառուկյանի քաղաքական կշիռը վախեցնում է իշխանությանը, և նրանք հասկանալով, որ չեն կարող քաղաքական ճանապարհով, արդար մրցակցության ճանապարհով հաղթել ԲՀԿ-ին, դիմում են նման ոչ ազնիվ միջոցների և ուզում են հասարակությանը ցույց տալ, թե իբր Ծառուկյանի շրջապատում կան քրեական տարրեր, կան խուլիգաններ, ովքեր ընդունակ են մարդ ծեծել: Բայց այսօրվա հասարակությունն ամեն ինչ շատ լավ հասկանում է, և կարողանում է իրականությունը տարբերել շոուից: Մարդիկ տեսնում են չէ, որ Բաբայանի գործով տուժող չկա, չի տուժել նաև պետությունը, քանի որ Բաբայանը ոչ պետական ունեցվածք է հափշտակել, ոչ պետական դավաճան է, ոչ էլ որևէ հանցագործություն է կատարել: Բացի այդ, ով է տեսել, որ իրավապահ մարմինները ճնշում գործադրեն տուժողի նկատմամբ, նրա տանը խուզարկություն կատարեն: Ի՞նչ են ման գալիս նրա տանը, ի՞նչ կարող էր նա թաքցնել իրավապահներից: Կասկածելի է նաև Բաբայանի խափանման միջոցը կալանք ընտրելը, որովհետև պարզ է չէ, որ Բաբայանը չէր խոչընդոտելու քննությանը: Այս ամենը մեզ հիմք է տալիս մտածել, որ իրավապահ մարմինները և դատարանները հիմա ավելի շատ են քաղաքական պատվեր կատարում, քան անգամ նախկինում: Այնպես որ, Էդուարդ Բաբայանը ոչ թե կալանավոր է, այլ այս իշխանությունների պատանդը: Այլապես, ինչպես հասկանալ, որ նույն օրը գրավի դիմաց բաց են թողնում Սերժի Վաչոյին, ով Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավարն էր, իսկ
Էդուարդ Բաբայանին գրավի դիմաց հրաժարվում են բաց թողնել:
-Ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել Գագիկ Ծառուկյանին և Բարգավաճ Հայաստանը դուրս մղել քաղաքական դաշտից` վախենալով այդ կուսակցության հետ հնարավոր մրցակցությունից:
-Ես չեմ կարող ասել թե ինչ խնդիր է դրել իշխանությունը, բայց կարող եմ ասել, որ քաղաքական կուսակցությունների միջև մրցակցությունը պետք է լինի միայն քաղաքական հարթության մեջ և միայն ազնիվ ու հավասար միջոցներով:
-Ձեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանին կհաջողվի չեզոքացնել Գագիկ Ծառուկյանին և Բարգավաճ Հայաստան կուսակցությոանը:
-Ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է ոչնչացնել ոչ միայն ԲՀԿ-ին, այլ իր բոլոր քաղաքական մրցակիցներին, որովհետև հեշտ է կառավարել, երբ չունես մրցակիցներ և քննադատներ: Բայց այս մեթոդներով հնարավոր չէ հաշվեհարդար տեսնել քաղաքական հակառակորդների հետ, ընդհակառակը՝ այդ դեպքում հասարակությունը և քաղաքական դաշտն ավելի շատ է համախմբվում ազնիվության և արդարության գաղափարների շուրջ: ՀՀԿ-ական իշխանության անփառունակ վախճանը դրա լավագույն օրինակն է:
-Հնարավոր համարում եք, որ ի պատասխան սրա, «Ծառուկյան» դաշինքը դուրս գա կառավարությունից, որովհետև այնքան էլ օրինաչափ չի, որ «Ծառուկյան» դաշինքը աջակցում է կառավարությանը, իսկ իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում «Ծառուկյան» դաշինք ուժի դեմ:
-Ես չեմ կարող ասել՝ դուրս կգա դաշինքը կառավարությունից, թե դուրս չի գա, բայց կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է արդար լինեն միմյանց նկատմամբ, և մրցակցեն քաղաքական հարթության մեջ և ոչ թե գործի դնեն իրենց ունեցած վարչական լծակները` քաղաքական հակառակորդի նկատմամբ առավելություն ստանալու համար: Հիշում եմ, որ 2003-2006 թթ. իշխանությունները նույն անազնիվ մեթոդներով լռեցնում էին ինձ, քանի որ ես լինելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը քննող խորհրդարանական հանձնաժողովի անդամ, իշխանություններից տարբերվող տեսակետ էի արտահայտում:Այն ժամանակ օգտագործելով իրավապահ մարմիններին, քննչական մարմիններին, կարողացան ինչ որ տեղ, ժամանակավորապես լռեցնել ինձ: Բայց մենք դրա դեմ էինք պայքարում, բայց ոչ թե այդ մեթոդների շարունակման:
-Ինչպես բացառել քաղաքական վճիռների կայացումը:
-Եթե այս գործելակերպը շարունակվի, ապա հասարակությունը անպայման կարտահայտի իր վերաբերմունքը: Ընդհանրապես, հասարակությունը պետք է ավելի ակտիվ լինի, որպեսզի թույլ չտա որ իշխանությունն անվերահսկելի դառնա: