Search
Close this search box.

Քոչարյանը գալիս է. հարցերը Քոչարյանին շատ են լինելու

Երկրորդ նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Սողոմոնյանը հայտարարել է, որ Քոչարյանը հուլիսի 26-ին կներկայանա հարցաքննության, վերադառնալով արտերկրից: Հայտնի է, որ խոսքը Մարտի 1-ի գործի քննության շրջանակում հարցաքննության մասին է, որի ծանուցագիրը Ռոբերտ Քոչարյանը ստացել է:

Դեռ պարզ չէ՝ Քոչարյանի հարցաքննությունը ձայնագրվելու է, թե ոչ: Բայց, թերեւս բոլոր առումներով ռացիոնալը կլինի ձայնագրությունը, հետագա բազմաբնույթ եւ տարատեսակ ենթադրությունների տեղիք չտալու, գործը ավելորդ ինտրիգների դաշտ չտեղափոխելու համար:

Առավել եւս, որ Քոչարյանը դեռեւս նախագահի պաշտոնում եղած շրջանում է հայտարարել, որ Մարտի 1-ի գործով ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչների մասով դատարաններում կներկայացվեն այնպիսի ապացույցներ, որ մարդիկ կամաչեն նրանց կողքը կանգնած լինելու համար:

Քոչարյանը 2008-ի ապրիլի 9-ին թողեց նախագահի պաշտոնը, իսկ դատական գործընթացները, որ եղան ավելի ուշ, անցան ընդամենը «մեկ ոստիկանի ցուցմունք» սկզբունքով, չեղավ որեւէ այլ ապացույց: Ավելին, այդ գործով դատապարտված գործիչների զգալի մասը դիմեց Եվրադատարան, եւ արդեն կան ՄԻԵԴ վճիռներ այդ մասով, որոնցից օրինակ հնչեղներից էր նախկին արտգործնախարար, հետո Մարտի 1-ի գործով հետապնդված, իսկ տարիներ անց Սերժ Սարգսյանի հրամանով Դանիայում Հայաստանի դեսպան նշանակված Ալիկ Արզումանյանը: ՄԻԵԴ-ը նրա գործով վճիռ կայացրեց, երբ Արզումանյանն արդեն դեսպան էր, ու ստացվեց հետաքրքիր վիճակ, որ ՀՀ դեսպանը Եվրադատարանում շահել է ՀՀ դեմ դատը: Իհարկե, պարզ է, որ Արզումանյանը դատարան դիմել էր դեռեւս ընդդիմադիր գործունեություն ծավալելիս:

Դա իմիջիայլոց: Բայց դատարաններում այդպես էլ չներկայացվեց որեւէ ապացույց, ինչի մասին խոսում էր Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ այդմ, օրինակ հետաքրքիր կլինի լսել նրան, թե ինչի՞ մասին էր խոսում, ի՞նչ ապացույցների, ու եթե նա խոսել է համոզված կամ հավատացած, որ դրանք կան, ապա հարց է առաջանալու, թե ով էր խաբել նրան: Հարցերը Քոչարյանին իհարկե շատ են լինելու: Ու թերեւս կասկած չկա նաեւ, որ նրա պատասխանները ենթադրելու են Մարտի 1-ի գործով նորանոր ներգրավվող հարցաքննվողների, ընդհուպ գուցե Սերժ Սարգսյան ու Լեւոն Տեր-Պետրոսյան:

Ամենահետաքրքիրը թերեւս այն է, թե կարո՞ղ է արդյոք Քոչարյանն ունենալ «տնային աշխատանք», կամ այսպես ասած խաղաքարտ, որ պահել է այդպիսի դեպքի համար, երբ կլինի իրավիճակի փոփոխություն եւ ինքը ստիպված կլինի պատասխանել իրավապահների մի շարք հարցերի:

Քոչարյանը կարող է անակնկալ մատուցել իրավապահներին ու հանրությանը, ընդ որում ունենալով ընտրության հնարավորություն: Մեկն այն կլինի, որ նա իրեն բնորոշ տղամարդկությամբ հայտարարի, որ իր վրա է վերցնում Մարտի 1-ին իշխանության գործողության ամբողջ պատասխանատվությունը: Մյուս անակնկալը կարող է լինել այն, որ Քոչարյանը բերի այնպիսի փաստեր ու փաստարկներ, այնպիսի ապացույցներ, որոնք արմատապես կարող են փոխել Մարտի 1-ի վերաբերյալ հանրության գնահատականը:

Եվ կա իհարկե սովորական տարբերակը, երբ Ռոբերտ Քոչարյանը պարզապես կփորձի արդարանալ:

lragir.am

Please enter a valid URL