Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմավիրի հարգելի մարզպետ պարոն Միրիջանյան, վստահ եմ, որ Ձեր երեխան այս դպրոցում չի սովորում և այսպիսի զուգարանից չի օգտվում, որովհետև ո՛չ ես, ո՛չ Դուք, պարզապես մեր երեխաներին այսպիսի դպրոց չէինք ուղարկի, որովհետև մենք հնարավորություն ունենք մեր երեխաներին չուղարկել այդպիսի դպրոց:
Իսկ ի՞նչ անեն Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի թ. 2 դպրոց հաճախող երեխաների ծնողները, որոնք չունեն այլընտրանք, ստիպված են օգտվել այդ դպրոցի ծառայություններից ու այս մասին ահազանգել են ինձ:
Նկարում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի թիվ 2 դպրոցի սանհանգույցն է, որից օգտվելու են նաև այս տարի առաջին անգամ դպրոց գնացող երեխաները: Դպրոցն ունի ավելի քան 500 աշակերտ և 30 առաջին դասարանցի: Սա ուղղակի սպառնալիք է երեխաների առողջությանը և անվտանգությանը, Ձեր աջակցության կարիքն ունեմ, քանի որ որևէ նախարար, ոչ առողջապահությանը և ոչ էլ Կրթությանը չեն արձագանքում, դպրոցը միջոց չունի, և այսպես՝ փակ շղթա: Ում խորհուրդ կտաք դիմել, կամ ինչ կարելի է անել:
Ինչպես այդ գյուղի ծնողներն, այնպես էլ՝ ես, ակնկալում ենք Ձեր գործուն հանձնարարականներն այս ուղղությամբ, որոնք կարծում եմ, կլինեն հրապարակային»: