Search
Close this search box.

Ընտրություններին կուսակցությունները պետք է ներկայացնեն ապագա կառավարության կազմ. ՀՀԿ

Ընտրական օրենսգրքում պետք է ամրագրել մի դրույթ, համաձայն որի՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ցանկացած կուսակցություն ներկայացնի կառավարության այն կազմը, որով ենթադրում է հադես գալ ընտրություններում հաղթելու դեպքում: Այս առաջարկով ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների հերթական նիստի ժամանակ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Եթե ընտրության արդյունքում տվյալ կուսակցությունը ձեւավորում է քաղաքական մեծամասնություն Ազգային ժողովում, ապա հանրությանը այլեւս հայտնի է լինում, թե նա ինչ կազմով կառավարությամբ է փորձելու իրականացնել իր նախընտրական խոստումները»,- ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ կառավարությունը պետք է ձեւավորվի քաղաքական մեծամասնության կազմից, ուրեմն, կա երկու կարեւոր խնդիր՝ հանրությունն ի սկզբանե իմանում է, թե ովքեր են լինելու նախարարներ, եւ նախարարն էլ անձամբ ստանձնում է հանրային պարտավորություն:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ, ըստ էության, այս առաջարկը չի մերժում հետընտրական կոալիցիաների ձեւավորման դեպքում այդ կոալիցիայի կազմից նախարարներին ընտրելը:

Վերջինս իր առաջարկում շեշտեց նաեւ, որ եթե որեւէ կուսակցություն չի ներկայացնում ապագա կառավարության կազմ, ապա նրան զրկում են ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Այսօրվա նիստը վարող ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Խոսրով Հարությունյանից ճշտեց, թե որեւէ խնդիր չի՞ առաջանա՝ հաշվի առնելով այն, որ մեզ մոտ նախարարը չի կարող լինել նաեւ պատգամավոր: Հարությունյանը պատասխանեց, որ նախարար դառնալուց հետո պատգամավորի փոխարեն Ազգային ժողով կանցնի նախընտրական ցուցակով տվյալ պատգամավորից հետո եղող հաջորդ անձը:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր մտահոգությունը հայտնեց այն խնդրի մասին, որ եթե այս կետը պարտադիր չի լինում, ապա այն դառնում է կույրաղիքի նման դրույթ.

«Եւ արդյոք կա՞ անհրաժեշտություն այս դրույթը օրենքով ամրագրելու: Այն քաղաքական ուժը, որը գնում, առանց այս դրույթի՝ օրենքով ամրագրելու ասում է՝ ես գալիս եմ այս թիմով, իմ վարչապետը սա է, իմ նախարարները նրանք են, ինքը օբյեկտիվ շատ ավելի շահեկան դիրքում է հայտնվում այն քաղաքական ուժի հանդեպ, ով ասում է՝ ինձ դեռ ընտրեք, նոր կասեմ՝ ում եմ նշանակելու: Կարծում եմ՝ օրենքով ամրագրելը ոչինչ չի տալու, որովհետեւ գրեթե վստահ եմ, որ ընտրապայքարի մասնակցող կուսակցությունների 90 տոկոսը չի ներկայացնելու ստվերային կաբինետ, որովհետեւ չի ունենալու այդքան կադրային ռեսուրս»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Please enter a valid URL