ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ ողջ գիշեր Սիլիկյան թաղամասի բնակիչները թույլ չեն տվել, որ «Սանիթեք» ընկերությունն իր վարձակալած Զիլ մեքենաներով քաղաքի աղբը թափի չթույլատրված և արհեստականորեն ձևավորված «աղբավայրում»՝ բնակիչների քթի տակ: Հարակից բնակավայրերի բնակիչները ողջ գիշեր հերթապահել են և թույլ չեն տվել մեքենաներին դատարկել աղբը, որը մինչ այդ անհայտ անձիք հասցրել էին հրդեհել: Ես Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում եմ հենց հիմա ջոկատ ուղարկել այդ «ինքնակոչ» աղբավայր, որը դեռ շարունակում է ծխալ և արտանետել մարդու կյանքի համար վտանգավոր նյութեր: Դիմում եմ նաև իրավապահներին՝ կասեցնել այս անօրինականությունը:
Իսկ ավելի վաղ պատգամավորը գրել էր, որ ինչ-որ շահագրգիռ անձիք այրել են աղբավայրը՝ հայտնի չէ ինչ պատճառներով։
Ինձ համար այլևս ակնհայտ է, որ այստեղ ինչ որ անձանց լուրջ շահեր կան։
Կարծում եմ, սրանով պիտի զբաղվեն իրավապահները։
Այս պահին հրշեջ մի քանի մարտական հաշվարկ փորձում է մարել «ինքնաշեն» աղբավայրի հրդեհը, որի արտանետած թունավոր ծխից հարակից բնակավայրերի բնակիչներն ուղղակի խեղդամահ են լինում։