Search
Close this search box.

«Հրապարակ». Դոն Պիպոյին ազա՞տ կարձակեն. Նրա թիմը Էջմիածնի քաղաքապետի իր թեկնածուն ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին Էջմիածնում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունների նախընտրական աժիոտաժն արդեն սկսվել է:

Էջմիածնի նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը հրաժարականի դիմում գրեց հոր ձերբակալությունից անմիջապես հետո, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիր երիտասարդ Դիանա Գասպարյանը, ով մինչ այդ աշխատում էր արդարադատության նախարարությունում:

Չնայած դրան, որոշ տեղեկություններով՝ ՔՊ-ն ընտրություններին չի առաջադրի նրա թեկնածությունը և դեռ թեկնածուի փնտրտուքի մեջ է: Փոխարենը գրեթե կողմնորոշվել է հայտնի հեղինակություն Դոն Պիպոյի շրջապատը: Պիպոն, ով Մանվել Գրիգորյանի հետ նույն օրը ձերբակալվեց, դրանից շաբաթներ առաջ քաղաքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էր կազմակերպում և թավշյա հեղափոխությունը փորձում էր հասցնել Էջմիածին ու հաստատել իր ազդեցությունը:

Մեր տեղեկություններով՝ նրա թիմը ցանկանում է ընտրություններին առաջադրել Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի թեկնածությունը, ով տարիներ շարունակ եղել է Մանվել Գրիգորյանի ընտանիքի հավատարիմը: Նա է եղել քաղաքապետարանի այսպես կոչված ուղեղը և կատարել է սևագործ աշխատանքը: Կան տեղեկություններ, որ ԺՊ Դիանա Գասպարյանը նրան առաջարկել է մնալ և միասին աշխատել, սակայն Վազրիկ Գրիգորյանի հեռահար պլանները դա թույլ չեն տվել:

Ի դեպ, Պիպոյի կողմնակիցները փորձում են միջնորդներ գտնել Նիկոլ Փաշինյանի մոտ, որպեսզի օգոստոսի կեսերին, երբ լրանում է Դոեն Պիպոյի կալանքի ժամկետը, գրավի դիմաց ազատ արձակվի: Այդ հարցում նրանք դիմել են նաև ԲՀԿ-ական պատգամավորներից ոմանց:

Ի դեպ, ԲՀԿ-ն էլ, ըստ տեղեկությունների, կարող է պաշտպանել Սուսաննա Նազարյանի թեկնածությունը, ով Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Սուսաննա Նազարյանը հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և ի վերջո՝ դատական կարգով կարողացավ հասնել իր աշխատանքից ազատման հրամանի չեղարկմանը ու վերականգնել աշխատանքը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL