Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, ով արդեն 15 տարի զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, զարմանալիորեն համեստ ունեցվածք ունի: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի մեկ բնակարան: Սեփական ավտոմեքենա չունի: Համենայն դեպս, հայտարարագրում չկա նշված: Որպես եկամուտ հայտարարագրել է միայն քաղաքապետարանից ստացված աշխատավարձը՝ ամսական 384 հազար դրամ: Նույնն է նաեւ դրամական միջոցների դեպքում: Հայտարարագրում ցույց է տվել փոքր գումարներ՝ 550 հազար դրամ: Իսկ ահա նրա տիկինը` Արմենուհի Հարությունյանը, այնքան էլ աշխատավարձի հույսով չի ապրում: Նրա դրամական միջոցը կազմել է անցած տարեվերջին 350 հազար դրամ:
Փոխարենը Արեյանի տիկինը անցած տարեվերջին ունեցել է 51 հազար 700 դոլարի չափով փոխառություն: Բացի այս, նա որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը` ամսական 152 հազար դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացված 122 դոլարը եւ մեկ ընկերությունից 7 մլն 920 հազար դրամի չափով ստացած շահաբաժինը:
Բանն այն է, որ Արմենուհի Հարությունյանը մի քանի առեւտրային կազմակերպություններում բաժնետեր է եւ ղեկավար: Ի դեպ, նրան է պատկանում զբոսաշրջության ոլորտում հայտնի «Արմանե Երկիր» ընկերությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընկերությունը սոցփաթեթի շրջանակներում պետական հատվածում աշխատողներին ծառայություններ է մատուցել: Մեկ այլ ընկերություն էլ է կապվում Արմենուհի Հարությունյանի հետ: Խոսքը «Մոդդ Իվենս»-ի մասին է, որի բաժնեմասի մեծ մասը պատկանում է նրա քրոջը` Շուշանիկ Հարությունյանին: Նշենք, որ այս ընկերությունը կորպորատիվ միջոցառումներ է կազմակերպում, իր մասնաճյուղն ունի ԱՄՆ-ում: Արեյանի ընտանիքի բիզնեսը այս ամենով չի սահմանափակվում. «Մոդ Արտ» ընկերությունը պատկանում է նրա որդուն` Մհեր Արեյանին:
Իսկ ահա մյուս որդին` Վահագն Արեյանը, անհատ ձեռնարկատեր է:
Ի դեպ, հետաքրքրիր է, թե ինչու նրա երկու որդիներն էլ հայտարարագիր չեն ներկայացրել: Չէ որ երկուսն էլ Արեյանի հետ փոխկապակցված անձինք են:
armlur.am