Search
Close this search box.

Փաշինյանի ռադիոյի շենք մտնելու և մի պաստառի պատմություն. Հանրային ռադիոյի տնօրենը պարզաբանում է

Համացանցում օրերս տարածվել է մի լուսանկար, որում ցուցապաստառի վրա գրված է «Այստեղից է սկսվել թավշյա հեղափոխությունը»։ Ոմանք վստահեցնում են, որ այն փակցված է Հանրային ռադիոյի շենքում՝ կոտրված դռան կողքին, որոշներն էլ կասկածում են։ «Այդ պաստառն իրոք փակցված է Հանրային ռադիոյի շենքում, հենց կոտրված դռան կողքին»,-PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։ Գրիգորյանի խոսքով՝ Հանրային ռադիոն երկար պատմություն ունի հումորի, ռադիոյի կյանքի հետ, և վերջապես ռադիոն բրենդ է, իսկ այդ ցուցապաստառն էլ, ըստ մեր զրուցակցի, այդ բրենդի մի մասը

Դիտարկմանը, թե շատերը պնդում են, որ Հանրային ռադիոյից չի սկսվել թավշյա հեղափոխությունը, տնօրենը պատասխանեց․ «Ճիշտ է, այստեղից չի սկսվել թավշյա հեղափոխությունը, բայց այն իր թափն ու ընթացքն սկսեց այն ժամանակ, երբ պարոն Փաշինյանն իր թիմով եկավ ու մտավ ռադիոյի շենք, կոտրեց այդ դուռը (ժպտում է․խմբ․)»,-ասաց Մարկ Գրիգորյանը և հավելեց, որ ուզում են այդ ցուցապաստառի միջոցով բարձր պահել իրենց լավատեսության և հումորի պայծառ աշխարհայացքները։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 14-ին արդեն վարչապետ Փաշինյանն իր թիմակիցների հետ միասին ներխուժեց Հանրային ռադիոյի շենք՝ կոտրելով դուռն ու առանց անվտանգության աշխատակիցների հրահանգներին ենթարկվելու մտավ ուղիղ եթերի տաղավար և ուղիղ եթեր պահանջեց: Դեպքից հետո 2 անձ ձերբակալվեց, իսկ ակտիվիստ Տիգրան Մազմանյանը շուրջ երկու ամիս կալանավորումից հետո ազատ արձակվեց:

Please enter a valid URL