ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Դատաիրավական համակարգի «նագլի» երիտասարդները և նրանց հովանավորյալները դեռևս ակտիվ գործում են: Եթե ոմանց թվում է, թե ջայլամի նման կարող են իրենց գլուխն ի պահ հանձնել ավազին, ապա լրջությամբ ասում եմ, որ Հայաստանյան իրականության մեջ ջայլամներն իրենց գլուխը եղանակային պայմաններով պայմանավորված չեն մտցնում ավազի մեջ: Հետևաբար նոր իրականության մեջ նման տեսակի պահանջարկ չունեցող և դեռևս համառող «ջայլամ» պաշտոնյաները ոչ միայն գլուխը, այլև հետույքը թաքցնելու խնդիր չունեն: Ամեն ինչ տեսանելի է ու հստակ…
Այս ամենի մեջ ամենացավալին թերևս այն էր, որ այդ «սանձարձակ» երիտասարդները մեր երկրում տևական ժամանակ ոչ միայն «կառավարել» և «բռնաբարել» են արդարադատությունը, այլև բառիս բուն իմաստով «ոչնչացրել են՛՛ այն պաշտոնյաներին՝ ովքեր չեն ենթարկվել իրենց իջեցված հրահանգներին:
Էլ ավելի ցավալի է, որ նրանցից շատերն այսօր փորձում են «բարեփոխված՛՛ և նորովի ներկայանալ հանրությանը՝ իբրև այդ ամենից անտեղյակ «բարի» հրեշտակներ…
Իսկ սա նշանակում է, որ նրանց լատենտայնացված «նագլիությունը՛՛ դեռ շարունակվում է… Իսկ լատենտայնության հանցանիշը հատուկ է բացառապես հանցավորությանը, քանզի այն նման է սառցաբեկորի, որի տեսանելի մասն ավելի փոքր է, քան ջրի տակ գտնվող անտեսանելի հիմքը:
Ով՝ ով, բայց հայ հասարակությունը դեռևս չի մոռացել ապացույցներ փնտրող և ձեռք չբերող, դատի տվող, բայց արդարացնող, Սուրիկ Խաչատրյանին սրբերի շարքը դասող երիտասարդների «թունդ» բաժակաճառերը:
Որևէ մեկը թող չկասկածի, որ այդ նույն «նագլի» կեցվածքով երիտասարդներն են հանդիսացել ոչ միայն Սուրիկ Խաչատրյանների, այլև նման տեսակի մարդկանց անպատժելիության պատճառը և իշխանության գործիք լինելու հանգամանքը…
Ձեր վարքն ու բարքերը մոռանալ չի լինի… երբեք…