Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին պատասխանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին հարցին, երբ լրագրողները նրան հիշեցրել են նաեւ Տեր-Պետրոսյանի մոտեցումը Արցախի խնդրում՝ այսպես ասած տարածք կարգավիճակի դիմաց տրամաբանությամբ:
«Մենք մեթոդական սխալ ենք թույլ տալիս, երբ որ Հայաստանի կառավարության որեւէ ներկայացուցչի հարցնում ենք տարածքներ կարգավիճակի դիմաց լուծումը ընդունելի է, թե ոչ: Որեւէ մեկը հարց տվե՞լ է, թե այդ լուծումն Ադրբեջանին ընդունելի է, թե ոչ: Ես մի քանի անգամ, թե որպես պատգամավորության թեկնածու, թե որպես հեղափոխության ղեկավար, թե որպես վարչապետ, ասել եմ, որ փոխզիջում նշանակում է երկու կողմ, որոնք պատրաստ են զիջումների: Ես ուզում եմ հասկանալ, ինչու՞ ենք մենք քննարկում փոխզիջման մեր պատրաստակամությունը, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման: Երբ կստանանք ուղերձ, որ Ադրբեջանը պատրաստ է փոխզիջման, այդ ժամանակ մենք ընդհուպ ազգովի կքննարկենք, թե մեզ համար ինչ փոխզիջում գոյություն ունի: Բացառվում է Արցախի խնդրի մի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Հայաստանում չի կարող լինել մի իշխանություն, որը կարողանա այդպես լուծել հարցը: Չեմ պատկերացնում նաեւ, թե ինչու պետք է լինի իշխանություն, որն այդպիսի բան ուզենա, առավել եւս մեր պարագայում:
Առաջին նախագահն ասել է, որ ինձ հետ քննարկելու ցանկություն ունի որոշ հարցեր, ես հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն, Արցախի հարցի վերաբերյալ նա ոչ թե տեսակետներ է ասել, այլ փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող են հայտնի չլինել: Դա օգտակար զրույց էր, բայց նա չի ասել ինձ այնպիսի տեղեկություններ, որոնք ինձ հայտնի չէին», ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ասել է նաեւ, որ Տեր-Պետրոսյանի հետ ներքին հարցերի քննարկում չի եղել:
Ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանը Արմենիա Մարիոտում հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, տեսախցիկների ներկայությամբ: Սերժ Սարգսյանը սպառնաց մարտի մեկով, իսկ Փաշինյանը հայտարարեց, որ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Մեկ օր անց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ Նիկոլը Ճիշտ էր:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը տեսախցիկների ներկայությամբ չէր, բայց երկու օր անց Նիկոլ Փաշինյանը ասուլիսում բացահայտեց զրույցը: Ըստ էության, նա Տեր-Պետրոսյանին ասել է նույն բանը՝ որ չի տիրապետում իրավիճակին, ճիշտ է՝ արցախյան խնդրի կապակցությամբ, բայց խորքային առումով իհարկե առավել լայն համատեքստում:
Արցախի հարցում Տեր-Պետրոսյանի մոտեցումները հայտնի են բոլորին: Ըստ էության, դրանից բացի այլ հայեցակարգ Հայաստանում չի եղել, թեեւ հանրությունը խոշոր հաշվով մերժում էր այն:
Նիկոլ Փաշինյանը, չփոխելով արտաքին քաղաքականության վեկտորը, փորձում է նոր բովանդակություն ու մոտեցումներ բերել: Նա կոշտ արձագանքում է երեւույթների, որոնց նախկին իշխանությունը չէր արձագանքում, ինչպես օրինակ Ադրբեջանին հեռահար համալիրներ տրամադրած Բելառուսի ու Փանիկի միջադեպի հարցերով: Եվրամիության հետ հարաբերություններում նա դնում է հստակության ու ավելիի խնդիր, Ռուսաստանի հետ՝ անկեղծ ու բաց քննարկումների:
Արցախի հարցում եւս որդեգրվել է Արցախի մասնակցության եւ Ադրբեջանի հետ բանակցություններում մոտեցումները փոխելու խնդիրը:
Կարելի է կարծել, որ արտաքին քաղաքականության նախկին՝ «ոտքերը վերմակի չափով մեկնելու», ամեն ինչ լռության մատնելու ժամանակներն անցել են: Ի վերջո, այդ կենսափիլիսոփայությունն է հանգեցրել Հայկական պետականության դեգրադացիային բոլոր ոլորտներում: Իսկ այդ կենսափիլիսոփայության կարկառուն կրողներից մեկը Տեր-Պետրոսյանն է իր հետեւորդներով:
Նիկոլը փորձում է այլ ճանապարհ, գոյատեւման կենսափիլիսոփայությունից անցնելով հավասար գործընկերության, արժանապատվության, զարգացման ճանապարհ: Տեր-Պետրոսյանի հետ զրույցի «վերծանումը» դրա վկայությունն է:
Սա բարդ, աներեւակայելի բարդ ճանապարհ է, որի հաջողության գրավականներից մեկը կա՝ նոր իշխանության հանրային լեգիտիմությունը: Մյուսը հանրության մեջ այդ գիտակցությունն ու պատասխանատվությունը արմատավորելն է:
Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի պես կասի՞ Նիկոլը ճիշտ էր:
Մյուս նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության:
lragir.am