Search
Close this search box.

Մանրամասներ՝ Վարուժան Ավետիսյանի որդուն առևանգելու գործից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահասին առևանգելու փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին` «Էրեբունի» թանգարանի մոտակայքում, բողոքի ակցիային մասնակցող անչափահաս տղային մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական համարանիշներով ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել նրան բռնի ուժով նստեցնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկ ինքնությունը, ով հանդիսանում է Ա. Պետրոսյանը՝ ծնված 1989թ.:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2018 թվականի մայիսի 31-ին քննիչը որոշում էր կայացրել Ա.Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարել հետախուզում և միջնորդություն ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: Քրեական գործով հանձնարարություն էր տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։

2018թ. հուլիսի 20-ին հետախուզման մեջ գտնվող Ա.Պետրոսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին:

Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և միևնույն ժամանակ թույլատրելի ճանաչել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին առնչություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Please enter a valid URL