«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեւանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեկ» ընկերությանը երեւի թվում է, որ Երեւանը որբի գլուխ է, եւ իրենք էլ այստեղ են` քաղաքից քերելու ինչ հնարավոր է։ Հատկապես այս օրերին քանիցս խոսել եմ թե՛ «Սանիթեկ»-ի ղեկավարության եւ թե՛ Երեւանի քաղաքապետարանի հետ, սակայն մայրաքաղաքը ժամ առ ժամ դառնում է աղբակույտերի գերի։ Ուստի, քիչ առաջ պաշտոնական նամակ եմ ուղարկել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, քանզի մեր Երեւանը աղբի մեջ խեղդելը դա երեւանցու` մաքուր եւ բարեկարգ քաղաքում ապրելուիրավունքի ոտնահարում է եւ ակնկալում եմ, որ Պաշտպանը մեզ հետ միասին հետեւողական կլինի, որ տարբեր լեգիոներ կազմակերպություններ, որոնց երեւի թվում է`ինչ ուզենան կանեն, հստակ պատասխանատվության կանչվեն, իսկ պարալիզացված քաղաքապետարանը գոնե այս հարցում մի քիչ թասիբ ունենա եւ իրականացնի իր վերահսկողական գործառույթները։
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ՊԱՐՈՆ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ԹԱԹՈՅԱՆ
Ինչպես հայտնի է, Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից մայրաքաղաք Երևանում աղբահանության իրականացումը սահմանված ժամանակացույցի խախտումներով և ոչ պատշաճ մակարդակով իրականացնելու վերաբերյալ խնդիրը վերջին օրերին հայտնվել է մեր բոլորի եւ նաև Ձեր ուշադրության կենտրոնում: Ոզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ այս լրջագույն հարցին։
Չկա Երեւանում որեւէ համայնք, որը վերջին շրջանում թաղված չլինի աղբակույտի մեջ։ Եթե սա անգործություն է, ապա պիտի արժանանա հստակ գնահատականի։ Եթե սա սաբոտաժ է, կրկին պիտի համարժեք արձագանք լինի։ Մեր Երեւանը աղբակույտերի մեջ թաղված ու գարշահոտություն տարածող քաղաք չէ, եւ ովքեր հասցրել են քաղաքն այս վիճակին, հստակ պատասխանատվության պիտի ենթարկվեն։ Հասկանալի չէ նաեւ Երեւանի քաղաքապետարանի սաբոտաժային պասիվությունը եւ իր վերահսկողական գործառույթների իրականացումից հրաժարվելը։
Հարգելի Պաշտպան, ակնկալում եմ, որ նաեւ Ձեր գործուն միջամտությամբ մենք միասին այս հարցին հնարավորինս արագ եւ արդյունավետ լուծում պիտի գտնենք։
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ