Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը՝ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին մամուլի ասուլիսում պատասխանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին հարցին, երբ լրագրողները նրան հիշեցրել են նաեւ Տեր-Պետրոսյանի մոտեցումը Արցախի խնդրում՝ այսպես ասած տարածք կարգավիճակի դիմաց տրամաբանությամբ:

«Մենք մեթոդական սխալ ենք թույլ տալիս, երբ որ Հայաստանի կառավարության որեւէ ներկայացուցչի հարցնում ենք տարածքներ կարգավիճակի դիմաց լուծումը ընդունելի է, թե ոչ: Որեւէ մեկը հարց տվե՞լ է, թե այդ լուծումն Ադրբեջանին ընդունելի է, թե ոչ: Ես մի քանի անգամ, թե որպես պատգամավորության թեկնածու, թե որպես հեղափոխության ղեկավար, թե որպես վարչապետ, ասել եմ, որ փոխզիջում նշանակում է երկու կողմ, որոնք պատրաստ են զիջումների: Ես ուզում եմ հասկանալ, ինչու՞ ենք մենք քննարկում փոխզիջման մեր պատրաստակամությունը, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման: Երբ կստանանք ուղերձ, որ Ադրբեջանը պատրաստ է փոխզիջման, այդ ժամանակ մենք ընդհուպ ազգովի կքննարկենք, թե մեզ համար ինչ փոխզիջում գոյություն ունի: Բացառվում է Արցախի խնդրի մի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Հայաստանում չի կարող լինել մի իշխանություն, որը կարողանա այդպես լուծել հարցը: Չեմ պատկերացնում նաեւ, թե ինչու պետք է լինի իշխանություն, որն այդպիսի բան ուզենա, առավել եւս մեր պարագայում: Մենք ցույց ենք տվել, որ Հանրապետության հրապարակում մարդկանց ներգրավումով կայացնում ենք ազգային եւ համազգային որոշումներ: Ընդհանրապես մեր խնդիրն է հանրային մեծ մասնակցություն ապահովել պետական որոշումների կայացման մեջ», -հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին նախագահն ասել է, որ ինձ հետ քննարկելու ցանկություն ունի որոշ հարցեր, ես հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն, հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը, սուրճ ենք խմել, զրուցել ենք, քննարկել ենք, Արցախի հարցի վերաբերյալ նա ոչ թե տեսակետներ է ասել, այլ փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող են հայտնի չլինել: Դա օգտակար զրույց էր, բայց նա չի ասել ինձ այնպիսի տեղեկություններ, որոնք ինձ հայտնի չէին: Առաջին իսկ օրերին իմ գործը եղել է այն, որ ես ամբողջական տեղեկություն ստանամ Արցախի խնդրի գործերի մասին, ես խնդրել եմ հրավիրել նախկին արտգորնախարար Նալբանդյանին, Զոհրաբ Մնացականյանի հետ միասին, նա մեզ տեղեկություններ է տվել: Այդպիսի հանդիպում չեմ բացառում առաջիկայում էլ»:

Տեր-Պետրոսյանի հետ ներքին հարցերի քննարկում չի եղել, ասել է Նիկոլ Փաշինյանը:

Please enter a valid URL