Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է արվել Կորյուն աբեղա Առաքելյանը՝ եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար:
Դեռ մեկ շաբաթ առաջ իրադարձությունները կարող էին այլ հունով զարգանալ. Կորյուն աբեղային Գերագույն հոգևոր խորհուրդը ժամանակ էր տվել ապաշխարելու համար։ Վերջինս և նրա կողմից ղեկավարվող հակակաթողիկոսական շարժումը հայտնվել էին երկընտրանքի առջև։ Հնարավոր էր պայքարը տեղափոխել ավելի քաղաքակիրթ ռելսերի վրա, եթե, իհարկե, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման նպատակը եկեղեցու բարեփոխումներն էին կամ հին համակարգի արատներից այն ձերբազատելը։ Սակայն արմատական կարգախոսներով առաջնորդվող խումբը գնաց միանգամայն այլ ճանապարհով. ըստ ամենայնի, Գերագույն հոգևոր խորհրդի որոշումը Կորյուն աբեղայի կողմնակիցները համարեցին թուլության նշան և որոշեցին Վայոց ձորում շրջափակման մեջ առնել Գարեգին Երկրորդին՝ վերջինիս վրա ճնշումն ավելի մեծացնելու անթաքույց նպատակով։
Վայոց ձորի իրադարձությունները մեծ իմաստով սահմանային և ինդիկատորային էին՝ ամենայն հավանականությամբ, դառնալով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կարապի երգը։
Թավշյա հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո այս ոչ զանգվածային շարժումը պահանջում է կաթողիկոսի հրաժարականը։ Ուշագրավ է, որ շարժման մասնակիցների թիվը չի ավելանում. հասարակության կողմից չկան աջակցության ուղղակի կամ անուղղակի ազդակներ։ Այս համատեքստը խիստ ուշագրավ է, որովհետև շարժման ֆիասկոն հանրային գիտակցության մեջ, ըստ էության, նպաստելու է Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության լեգիտիմության ամրապնդմանը։ Սակայն այս թեմային կանդրադառնանք ստորև։
Շատ ավելի սկզբունքային է այն հարցը, որ եթե «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումն իր գործունեությունը կառուցեր ներեկեղեցական դիսկուրսի, երկխոսության համատեքստում, կարող էր վայելել հասարակության ավելի լայն շերտերի աջակցությունը և դուրս գալ, այսպես կոչված, անձնավորված անտագոնիստական օրակարգի տրամաբանությունից և իրապես առաջ քաշել եկեղեցու բարեփոխման պահանջ։ Սակայն միանգամայն այլ է շարժման անդամների տրամաբանությունը. նրանց մարտավարության հիմքում վտանգավոր մի թեզ է, որը չի լուծում ռացիոնալ որևէ խնդիր՝ հընթացս վարկաբեկելով հեղափոխությունն ու Եկեղեցին։ Տեղի է ունենում թավշյա հեղափոխության կարգախոսների, համատեքստի էժանագին կապկման, չարաշահման փորձ, ինչի հետևանքով շարժումը հայտնվել է մարգինալիզմի ճիրաններում՝ քրիստոնեական սիրո և համերաշխության միջավայրից անդին։
Հայաստանում հեղափոխության հաղթանակը չէր կարող ենթադրել ու չի ենթադրում բոլոր համակարգերի ու կառույցների անվերապահ կապիտուլյացիա, կազմաքանդում, եթե նույնիսկ դրանք ժամանակին առնչություններ են ունեցել քրեաօլիգարխիայի հետ կամ ավելի պարզ ձևակերպենք՝ օգտագործվել են նրա կողմից։
Կան համազգային խնդիրներ, որոնց հարցում պետք է խիստ նրբանկատ լինել՝ բալանսավորված դիրքորոշումներով, կոնցեպտուալ լուծումներով։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ, օրինակ, Արցախի իշխանությունը՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ, վաղուց կորցրել էր իր պետական սուբյեկտությունը՝ վերածվելով Հայաստանի քրեաօլիգարխիայի բաղկացուցիչի, սակայն դա չի նշանակում, որ հայաստանյան հեղափոխությունը պետք էր տեղափոխել Արցախ։ Դա անելն անթույլատրելի կլիներ, որովհետև առաջնագծում հեղափոխությունը չի կարող դրական, ռացիոնալ հետևանքներ ունենալ։ Արցախի իշխանությանն անհրաժեշտ է ազատել նախորդ համակարգի հետևանքներից ու ադապտացնել նոր իրողություններին, նոր Հայաստանի քաղաքական, ինստիտուցիոնալ իրողություններին։ Սա էր ռացիոնալ ճանապարհը, և, բարեբախտաբար, հենց այս ճանապարհով գնացին Հայաստանի և ԼՂՀ իշխանությունները՝ դեակտուալացնելով ու մարգինալացնելով Բակո Սահակյանի հրաժարականի պահանջը։
Գրեթե համանման վիճակ է Եկեղեցու շուրջը, որի առաքելությունը չի սահմանափակվում միայն հոգևոր ծառայությամբ, որովհետև համազգային այս կառույցն ունի կոնսոլիդացնող մեծ ներուժ, նույնիսկ քաղաքական, աշխարհաքաղաքական նշանակություն։ Եկեղեցում հեղափոխություն անել պետք չէ, առավել ևս՝ չի կարելի քաղաքական հեղափոխությունը մտցնել Եկեղեցու պատերից ներս, որովհետև նման փորձերը միայն վարկաբեկելու են Հայաստանում տեղի ունեցած պատմական փոփոխությունները ու ստվերելու են Եկեղեցու հեղինակությունը։
Կորյուն աբեղան իր արմատականությամբ, քահանային ոչ հարիր վարքագծով այլընտրանք չթողեց պետությանն ու եկեղեցուն. նա կարգալույծ եղավ, իսկ շարժման անդամների դեմ, ըստ ամենայնի, կսկսվի քրեական հետապնդում։
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը կարող էր հարթակ ձևավորել՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու ներսում լուրջ բարեփոխումների իրականացման, եկեղեցի-հասարակություն նոր հարաբերությունների բանաձևման շուրջ։ Սակայն անցած շաբաթներին շարժման կողմից չլսեցինք որևէ գաղափար, քննարկման ու երկխոսության պատրաստակամություն, չտեսանք հանդուրժողականության դրսևորում. փոխարենը ականատեսը դարձանք գործողությունների, որոնց բարոյական և իրավական հիմքերը, մեղմ ասած, խոցելի են։
Սակայն չկա չարիք՝ առանց բարիքի։ Անցած շաբաթներին Հայրապետն ու Եկեղեցին անցան փորձությունների միջով, հասարակության ավելի լայն շերտերից լսեցին նաև ազնիվ քննադատություն, զգացին հասարակության շունչը, շոշափեցին նրա զարկերակը։ Հոգևոր դասն ըստ արժանվույն պետք է գնահատի պատմական պատեհությունը ու գիտակցի, որ անգամ հակակաթողիկոսական մարգինալ շարժումը ծնվել է հասարակական միջավայրում, նրա որոշակի շերտերի դժգոհության, եկեղեցուց օտարման հետևանքով։ Եկեղեցին բարեփոխումների, իր առաքելությունն ու օրակարգը վերարժևորելու անհրաժեշտություն ունի՝ իր ներկայությամբ նոր Հայաստանի գոյությունն արժևորելու, միևնույն ժամանակ վերջինիս դրական էներգիայի կնիքն իր վրա զգալու նպատակով։
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման արմատականությունն ավելի լեգիտիմ ու ամուր դարձրեց Գարեգին Բ-ի հոգևոր իշխանությունը՝ նրան, ըստ էության, ազատելով Եկեղեցու բարեփոխման համար պատասխանատվությունից: Սակայն Ամենայն հայոց կաթողիկոսն ինքը պետք է դառնա Եկեղեցու բարեփոխումների իրականացման, Մայր աթոռի ու նոր Հայաստանի ներդաշնակ հարաբերությունների հաստատման հիմնական ոգեկոչողը՝ վերահաստատելով եկեղեցու պատմության քառուղիներից եկող առաքելությունը։
1in.am