Ողջունում եմ Ձեզ, մեծարգո պարոն Վարչապետ:
Ձեզ դիմում է 9 տարի առաջ ՀՀ-ում միջին բիզնեսով զբաղված, այնուհետև ՌԴ տեղափոփված ՀՀ քաղաքացի, ով ցանկանում է հայրենադարձվել և գործարարությամբ զբաղվել Հայրենիքում: Հարգելի պարոն Փաշինյան, ինձ և հավանաբար արտերկրում բնակվող հայրենակիցներին հետաքրքրող ամենակարևորագույն հարցերից է, թե ինչ բարեփոխումներ են իրականացվում փոքր և միջին բիզնեսի ոլորտում և ինչ գործնական քայլեր են իրականացվում, որպեսզի այդ ոլորտները դարձնել շահավետ: Պարոն Փաշինյան, ես կարծում եմ, որ այս հարցի շուրջ բավարար հանրային քննարկումներ չեն իրականացվում և արտերկրում ապրող մեր հայրենակիցները, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել ՀՀ-ում բավարար տեղեկատվության պակաս ունեն: Պարոն Փաշինյան, մեր բոլորիս խնդիրն այն էր, որ փոքր և միջին բիզնեսով զբաղվողներս ստիպված էինք աշխատել անօրինական դաշտում, քանի որ անհնար էր վճարել բոլոր հարկերը և ապահովել շահույթ: Կարծում եմ՝ բոլորին են հայտնի պատճառները՝ (հովանավորչություն, մենաշնորհ և այլն) և այս ֆոնին էլ հայաստանյան շուկայում ձևավորվել էին ապրանքների և ծառայությունների գները: Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, որ գործարարների օրինական դաշտ մտնելու դեպքում ՀՀ-ում կգրանցվի ապրանքների և ծառայությունների զգալի գնաճ: Կարծում եմ՝ կառավարությունը կանգնած է մի անխուսափելի ընտրության առջև՝
1. Կամ հարկերը մնում են անփոփոխ և արդյունքում գնաճ է տեղի ունենում, իսկ կառավարությունը ստիպված բարձրացնում է մինիմալ աշխատավարձի չափը:
2. Կամ հարկերը իջեցվում են այնքան, որ օրինական դաշտում աշխատող գործարարը բավարար շահույթ ստանալով, չի բարձրացնում կամ չնչին է բարձրացնում գները:
3. Կամ միջանկյալ տարբերակը՝ և՛ հարկերնեն քիչ իջեցվում, և՛ գնաճն է քիչ տեղի ունենում: Ահա սրանք են իմ կարծիքով այն երեք հիմնական ուղղությունները, որոնցից կառավարությունը պետք է ընտրություն կատարի՝ իհարկե լայն հասարակական քննարկումներ կազմակերպելով բոլոր շահագռգիռ կողմերի հետ:
Մեծարգո պարոն Փաշինյան, ես կարծում եմ որ, միայն գործարարության համար պարարտ և շահագրգիռ պայմաններ ապահովելու դեպքում է հնարավոր մեծ Հայրենադարձությունը: Հույս ունեմ, որ այս կարևոր հարցը անպատասխան չի մնա:
ՌԴ-ից հարգանքներով ՀՀ քաղաքացի՝ Անդրեասյան Սուրեն Ռուբենի