Armtimes.com-ը գրում է. Սոցիալական ապահովության պետական ծառայություն նախկին պետ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, որի անունը կապվում էր հայտնի սեքս-սկանդալի հետ, առաջին անգամ խոսել է:
Երեք տարի առաջ Սահակյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հերքել էր իր առնչությունը սկանդալային սույն պատմությանը՝ նշելով, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Եթե նախկինում հերքվում էր, ապա հիմա հաստատված փաստ է նրա մասնակցությունն այս գործին՝ նա սույն գործով տուժողի կարգավիճակ ունի: Այդ օրերին մամուլում հրապարակումներ էին եղել, թե Հովհաննես Սահակյանը սկայպով շփվել է 14-ամյա ռուս աղջկա հետ:
Այս սկանդալից երեք տարի է անցել, սակայն ՀՀ Ազգային անվտանգությունն այս գործը օրեր առաջ է ուղարկել դատարան: Գործով որպես մեղադրյալ է անցնում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ու իր գործընկեր Հայկ Սարգսյանը: Նրանք նախաքննության սկզբում կալանավորվեցին, ապա մեկ տարի անց ազատ արձակվեցին. այժմ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Տիգրան Առաքելյանը Հովհաննես Սահակյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու նպատակով Հայկ Սարգսյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2015թ. հունիս-հուլիսին համացանցային կապի միջոցների օգտագործմամբ, առանց Հովհաննես Սահակյանի համաձայնության, ապօրինաբար հավաքել եւ պահել են վերջինիս վերաբերյալ` անձնական գաղտնիք համարվող արատավորող տեղեկություններ: Այնուհետեւ այդ տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով Հովհաննես Սահակյանից պահանջել են իրենց տալ 100 հազար դոլար, որի չափը, հետագայում սակարկվել է, սակայն Հովհաննես Սահակյանը պահանջված գումարը չի տվել:
Հովհաննես Սահակյանը երեկ համաձայանեց պատասխանել սույն գործի հետ կապված մեր մի քանի հարցերին:
— Պարոն Սահակյան, դուք նախաքննության ընթացքը ինչպե՞ս եք գնահատում, ըստ ձեզ ինչո՞ւ այդ պրոցեսը երեք տարի ձգձգվեց, նոր գործն ուղարկվեց դատարան:
— Գործողություններ իրականացրել են, որեւէ արտառոց բան չկա, նորմալ եմ գնահատոմ:
— Դուք կանչվե՞լ եք հարցաքննության, ձեր մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել:
— Երեք տարի առաջ, իհարկե, եղել, եղել են երեւի այլ գործողություններ, ես չեմ կարող ասել:
— Քանի որ դուք միշտ հերքել եք ձեր մասնակցությունն այս գործին, խուսափել խոսել այս թեմայով, կասե՞ք իրականում ինչպես է եղել պատմությունը:
— Ոչ թե խուսափում եմ, այլ կարելի է ասել՝ մոռացել էի եւ մոռացել ենք: Որեւէ արտառոց բան չկա, այն ժամանակ ինչ ասել եմ, նույնը ուժի մեջ է մնում: Մամուլի որոշ հրապարակումներ, որոնք այն ժամանակ ֆանտաստիկայի ժանրից էին, իրականության հետ որեւէ կապ չուներ: Հիմա այդ մարդիկ (նկատի ունի Առաքելյանին եւ Սարգսյանին,-հեղ.) որոշել էին որոշակի քայլեր կատարել, որի համար իրենք մեկ տարի 5 ամիս կալանավորված են եղել. 3 տարի անցել է եւ ես մոռացել եմ, չեմ կարեւորում այդքան:
— Ֆանտաստիկայի ժանրից նկատի ունեք այն, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ դուք 14-ամյա ռուս աղջկա հե՞տ եք սկայպով խոսել:
— Այո, իհարկե:
-Այսինքն՝ նման բան տեղի չի՞ ունեցել:
— Իհարկե, չի ունեցել եւ չի էլ կարող ունենալ:
— Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունեցել կարո՞ղ եք ասել:
— Իհարկե, չեմ կարող ասել:
— Դուք տեղյա՞կ եք, թե այդ տեսագրությունները կամ այլ ապացույցներ ի՞նչ միջոցներով են հայտնվել իրենց ձեռքում:
— Սահմանափակվենք հա, ես ասացի այն, ինչ կար: Հիմա դատարանում է գործը, դատարանը կորոշի հետագա ընթացքը: Երեք տարի առաջ է եղել եւ իմ անցյալում է ու հիշողությունների մեջ, չէի էլ հիշում եւ չեմ էլ հիշում: Նույնիսկ իրենց հետ կապված էլ ինձ համար անցած է, մեկ տարին բավարար է, որպեսզի հետագայում նման որեւէ արարք չկատարեն, ինձ համար դա բավարար է:
Մանրամասը՝ Armtimes.com-ում