«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննության կանչված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն արդեն մի քանի տարի է՝ վաճառել է Ազատության պողոտայի «գեներալների շենքի» իր բնակարանն ու տեղափոխվել Ջրվեժի իր շքեղ առանձնատուն: Չնայած սրան՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում նշված է, որ Խաչատուրովը հաշվառված է Ազատության պողոտա 9/3 հասցեում:
Ջրվեժ թաղամասի երկհարկանի շքեղ առաձնատունը երկար տարիներ է՝ պատկանում է Խաչատուրովներին, սակայն, մեր տեղեկությունների համաձայն, նրանք այստեղ են տեղափոխվել վերջին տարիներին:
Յուրի Խաչատուրովի ներկայացրած վերջին հայտարարագրերից որեւէ մեկում նշված չէ, որ նա ունի անշարժ կամ շարժական գույք: Դրանց մասին տվյալ չկա նաեւ Խաչատուրովի կնոջ՝ Սվետլանա Խաչատուրովայի հայտարարագրում:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ այս առանձնատունը Խաչատուրովներին պատկանող միակը չէ: Սա նշանակում է, որ եթե Խաչատուրովներն ունեն առանձնատուն եւ այլ անշարժ գույք, ապա այդ գույքը ձեւակերպած չէ վերջիններիս անուններով:
Յուրի Խաչատուրովը 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երեւանի կայազորի պետի պաշտոնը, ապա 2008 թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 2009-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից: Իսկ 2017 թվականի ապրիլի 14-ից զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»: