Search
Close this search box.

Ներողությունը չի փրկի, չենք վճարի չարածի համար

Վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։ Այս մասին տեղեկացնում են «Սանիտեք» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Այս պահին զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ։ Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը։

Նշենք, որ առաջիկայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու և լրագրողների հարցերին պատասխանելու համար։

Ի դեպ, այս օրերին հազարավոր բնակիչների դժգոհությունը սահման չունի` կապված աղբահանության հետ: Պարզապես մեկ տարի առաջ Տարոն Մարգարյանը սարի պես կանգնեց իր աղբահան զավակի `«Սանիտեք»-ի  թիկունքին և մայրաքաղաքում օդ բարձրացող գարշահոտությունը կապեց շատ սեխ ու ձմերուկ ուտելու հետ:

Հիմա «Սանիտեք»-ի թիկունքը բաց է ու ստիպված ներողություն է խնդրում: Բայց ներողությունով հարցեր չես լուծի, առավելագույնը, որը Երևանը տևական ժամանակ աղբի մեջ թաղած «Սանիտեք»-ը կարող է անել՝ դա այն է, որ վարձավճարների հավաքագրում չիրականացնի չարածի դիմաց, այլապես ի դեմս «Սանիտեք»-ի` ունենք խոշորացված համատիրություն, որը ոչինչ չանելով մտնում է մարդկանց գրպանը` արդեն քանի տարի, օրը ցերեկով: Եվ մարդիկ արդարացիորեն այսօր դժգոհում են`ասելով, որ չեն վճարի «Սանիտեք»-ին՝ չարած գործի համար:

Այնպես որ, ներողությունը չի փրկի:

ArmLife.am

Please enter a valid URL