Օրերս Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը հրապարակել էր իր նամակը ուղղված նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ պատմում էր նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի կողմից, ըստ էության, դրամաշորթության փաստերի մասին:
Ըստ այդ նամակի՝ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Հովակիմյանից մեծ գումարներ է ստացել ինչ որ մարդկանց աշխատանքի տեղավորման համար, սակայն ոչ այդ մարդկանց է աշխատանքի տեղավորել, ոչ գումարն է վերադարձրել: Վարդգես Հովակիմյանը նամակում ներկայացրել էր Ալիկ Սարգսյանի հսկայական ունեցվածքը`տների, խանութների, ռեստորանների, հանքերի ու հողատարածքների տեսքով, որոնք չէին կարող գոյանալ միայն աշխատավարձով ապրելու արդյունքում:
ԱԺ-ում պատասխանելով Վարդգես Հովակիմյանի մեղադրանքներին Ալիկ Սարգսյանը ասել էր, որ ինքը աշխատել է ազնիվ և անկաշառ, և պատրաստ է պատասխան տալու իր ունեցվածքի ծագման համար:
Մենք դիմեցինք Վարդգես Հովակիմյանին, հասկանալու, թե որն է Սարգսյանի ինքնավստահության պատճառը, և արդյոք նա իսկապես կարող է ապացուցել, որ այդ ամբողջ գույքը`173 սեփականության վկայական, ձեռք է բերվել օրինական ճանապարհով: Վարդգես Հովակիմյանի պատասխանեց մեր հարցին.
Իհարկե, նա լրագրողների մոտ կարող է արդարանալ որպես մաքուր, պարկեշտ ու ազնիվ մարդ, ասել, որ այդ բոլորը ձեռք է բերել արդար աշխատանքով: Պարոն միլիցա 2000-2008թթ. աշխատել ես Արարատի մարզպետ, հանրությանը ներկայացրու, թե քո հողաշինարար Արտոյի հետ ում անուններով եք որպես արոտավայր ձևակերպել Պետֆոդի և համայնքներին պատկանող հողերը, քաջ գիտակցելով որ դրանք արոտավայրեր չեն, այլ հանքավայրեր: Օրենքով ամրագրված է, որ արտովայրերը կարող են վարձակալել միայն անասնապահությամբ զբաղվողները, այդ ինչ տեսակի անասուն էին պահում քո ընկերներ Մանուկյան Արտակը, Հովսեփյան Հովիկը, Արմենը, Լյովան, Հովսեփը և շատ այլ շատերը, որ դարձան այդ հողերի սեփականատեր, չնայած հողաշինարար Արտոն կարող է բացահայտել, այդ հողերի իրական տերերի կամ տիրոջ անունը:
Ոստիկանապետ աշխատած տարիներին ստեղծել ես ոստիկանության հիմնադրամ, որը կաշառքի լեգալացման միջոց էր: Ով պետք է աշխատանքի ընդունման կամ այլ ոչ օրինական ծառայության համար կաշառք տար, բայց վստահելի չէր, ուղարկում էիր հիմնադրամ մուծում կատարելու: Կածես, թե կառավարության որ որոշմամբ է ստեղծվել այդ հիմնադրամը: Իրավապահներին կխնդրեի մանրամասն ուսումնասիրել այդ հիմնադրամի մուտքերն ու հատկապես ելքերը, պարզելու համար, թե ինչ նպատակով են ծախսվել հիմնադրամի միջոցները: Դրա միջոցով գուցե պարզվի, որ Ալիկ Սարգսյանը իր համար տների ու ամառանոցների ցանց կառուցելով, քանի մարդու տուն և օջախ է մարել:
Ալիկ Սարգսյանը ասում է, որ ամեն ինչ ձեռք է բերել օրինական ճանապարհով: Ուզում եմ իրեն հարցնել, թե ինչպես է հնարավոր.
1.Թումյանյան փողոցում 40քմ տարածք ձեռք բերել ընդամենը 1500 դրամով, թող սովորեցնի մյուս քաղաքացիներին էլ ձեռք բերեն.
2.Այգեստան 3 փողոցում ձեռք ես բերել երկու բնակարան, մեկը 280քմ. տարածքով 71մլն արժեքով, մյուսը՝ 190 քմ. 150 մլն արժեքով: Թող մեր քաղաքացիներին սովորեցնի, ինչպես կարելի է արդար աշխատանքով նման փողեր աշխատել
3.Արաշատի տրիկոտաժի հսկայական ֆաբրիկան քանդել և կերել ես
4.Արաքս առևտրի կենտրոնը ձեռք ես բերել կոպեկներով
Խոստանում եմ հանրությանը պարբերաբար ներկայացնել քո և քո հարազատներին պատկանող գույք ամբողջական ցանկը, և փորձել պատասխան ստանալ, թե որքան ազնվություն է պետք աղքատ երկրում հարյուրավոր անշարժ գույք տիրապետելու համար, կամ որքան մարդու ողբերգություն ու խեղված ճակատագիր կա այդ ազնվության տակ:
Ես որպես մարդ` Վարդգես Վաղինի Հովակիմյանս շատ վատ եմ զգում այս ամենի մասին բարձրաձայնելու համար: Ես գուցե չխոսեի այս ամենի մասին, եթե նա չստիպեր գնալ նման քայլի, ի վերջո Հենրիկ Իգիթյանն էլ ստիպված եղավ ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի մասին ասել այն, ինչ շատերն էին մտածում, բայց չէին արտահայտվում: Շատ եմ ափսոսում, որ Սարգսյանի տեսակի համար տուժելու են էլի մարդիկ, քանի որ գույք ձեռք բերելու նպատակով ներքաշել է այլ մարդկանց ևս նույնիսկ սեփական ստորագրությունն է կեղծել:
2018թ. հուլիսի 14-ին լրացավ 8 տարին այն օրից, երբ ես Սարգսյանի սարքած կեղծ գործի պատճաով զրկվել եմ աշխատանքից: Սարգսյանը պատասխան է տալու ինձ և բազմաթիվ այլ բախտակիցներին պատճառած հոգեկան և բարոյական տառապանքների համար:
Հ.Գ. Ալիկ Սարգսյանը դիմել է ՀՔԾ բողոքելով, որ Վարդգես Հովակիմյանը փորձում է շանտաժով իրենից փող խլել: Սարգսյանը ամեն տեղ հայտարարում է, որ ինքը խնդիր չունի ներկա ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, և շարունակում է մնալ անձեռնմխելի: ArmLife.am-ը հետևելու է ՀՔԾ-ում գործի քննության ընթացքին:
ArmLife.am