ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սա Ավան-Առինջի այն հատվածն է, որտեղ «Նոր Զովք» սուպերմարկետը իր կենցաղային արտաթորանքը ամեն օր շաղ է տալիս բնակիչների քթի առաջ` բնակելի տարածքում ստեղծելով հակահիգիենիկ իրավիճակ, գարշահոտություն եւ համաճարակի վտանգ։ Չնայած, զրուցեցի «Նոր զովքի» պատասխանատուների հետ եւ իրենք նշեցին, որ իրենց «ատխոդը» միայն դատարկ տուփերն են, մինչդեռ` բնակիչները պնդում են միանգամայն հակառակը։ Ամեն օր «Նոր Զովք» սուպերմարկետը իր օրվա աղբը շռայլորեն ցփնում է մարդկանց ոտքի տակ։ Երեկ այդ հատվածով առանց հակագազ անցնել հնարավոր չէր, հակագազ էլ, դժբախտաբար, չկար։ Աղբակույտի այս` գնալով Ջոմոլունգմա գագաթին նմանվող բարձունքը փակել է նաեւ բակի բնակիչների ավտոկայանատեղի մուտքը։ Մի խոսքով` Երեւանի քաղաքապետարանի` «Մաքուր Երեւան» հռչակած կարգախոսի իրական կարիկատուրա։ Ի դեպ, նույն հակահիգիենիկ վիճակն է քաղաքի գրեթե բոլոր համայնքներում։ Բնականաբար, առաջին զանգս «Սանիթեք» ընկերությանն էր, որը պայմանագրային պատասխանատվություն է ստանձնել Երեւանի աղբահանությունը պատշաճ կազմակեպելու համար։ «Սանթիեքի» գլխավոր տնօրեն Նիկոլաս Թավիլը որոշեց ինձ ամենայն մանրամասնությամբ բացատրել, որ Նուբարաշենի աղբավայրի խայտառակ ճանապարհների պատճառով իրենց մեքենաները պարբերաբար շարքից դուրս են գալիս եւ հնարավոր չի լինում դրանք շահագործել։ Հաջորդ թիրախս քաղաքապետարանն էր, որը համառորեն չի նորոգում դեպի մայրաքաղաքի թիվ մեկ աղբավայր` Նուբարաշեն տանող ճանապարհն ու «Սանիթեքի» մեքենաները չեն դիմանում հայկական ճանապարհային ատրակցիոնին։
Իհարկե, «Սանիթեքի» պատճառաբանությունը կարելի է ընդունել շատ մեծ վերապահումով, քանզի այն գերշահույթները, որ նրանք ստանում են մայրաքաղաքի աղբահանության մոնոպոլիայից, կարելի էր ունենալ այնքան մեքենա, որ Նուբարաշենի ճանապարհին հերթական անգամ փլվածին` արագա փոխարիներ, ու քաղաքը, հատկապես այս աննախադեպ տապին, ազատեր հակահիգիենիկ վիճակից եւ հնարավոր համաճակարկներից։ Բնականաբար, զանգահարեցի նաեւ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանց, եւ բնականաբար, իրենք ողջ մեղքը բարդեցին «Սանիթեքի» վրա, որը օրերով չի գալիս եւ իր աղբահանության պայմանագրային պարտականությունը չի կատարում։
Ահա այսպիսի արատավոր շրջան` ինչպես միշտ։ Արդյունքում` ամռան այս տապին, երբ քաղաքը լի է զբոսաշրջիկներով, անպարտաճանաչ կառույցների պատճառով Երեանը վեր է ածվել աղբի թանգարանի` բաց երկնքի տակ։ Սա այլանդակություն է, եւ մենք հետեւողական ենք լինելու, որ այն կազմակերպությունները, որ գալիս եւ քաղաքային իշխանության հետ անհասկանալի պայմանագրեր են կնքում, հետո բոլոր պատերին փակցնում են` «Մաքուր Երեւան» եւ «Աղբի տեղը աղբամանի մեջ է» օրինակելի կարգախոսները, պատասխան տան` թե ինչո՞ւ աղբի տեղը աղբամանը չէ եւ ինչո՞ւ Երեւանը մաքուր քաղաք չէ` իրենց վատ աշխատանքի պատճառով։