Search
Close this search box.

37 թվականի ուրվականը

Հայաստանում մի ուրվական է շրջում, 37 թվականի ուրվականը: Բոլոր նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ է եղել 1937թ.-ին, ասենք, որ այս թվականը ասոցացվում է կուլակաթափության հետ, երբ բոլշևիկյան իշխանությունները որոշեցին ոչնչացնել հեղափոխության վերջին թշնամիներին, կուլակներին`մանր գյուղացիական սեփականատերերին, թողնելով միայն ունեզուրկ լյումպենին:

Ունեզուրկ լյումպենը ծափահարում էր հեղափոխական իշխանությանը, որովհետև նրանց դուր չէր գալիս, որ ինչ որ մեկը գյուղում կով ունի, կամ ամբարում ցորեն, իսկ իրենք սոված են: Եթե սոված են, թող բոլորը սոված լինեն: Բոլշևիկնյան իշխանության համար ևս այս պայքարը կարևոր էր սեփական իշխանության ամրապնդման տեսանկյունից, քանի որ մասնավոր սեփականտերերի դասակարգը կարող էր քաղաքական այլընտրանք լինել երկիրն ամբողջությամբ սեփականաշնորհած բոլշևիկյան իշխանությանը:

Քաղաքական հնարավոր հակառակորդներին ոչնչացնելու համար երկրում խրախուսվում էր դանոսներ գրելու պրակտիկան, մարդկաց հնարավորություն էր տրված բացահայտելու իրենց հարևանների ու ծանոթների ունեցվածքը, և հեղափոխական կոմիտեն, ներկայիս ԱԱԾ-ն, մեծ սիրով ունեզրկում ու աքսորում էր ապօրինի հարստացածներին:

Հիմա երկրում նույն իրավիճակն է, զարգացումները այդ ուղղությամբ են տանում: Հեղափոխության հաղթողներին պետք է ամենօրյա ռեժիմով ապացուցել, որ իրենք տարբերվում են նախորդներից, որ իրենք իսկապես եկել են ուղղելու անցյալի սխալները, վերջ տալու ալան-թալանին: Ունեզուրկ լյումպենը պահանջում է, որ խլեն հարուստների ունեցվածքը, նրանց տներն ու մեքենաները հողին հավասարեցվեն, որ նրանք ու նրանց երեխաները հայտնվեն բանտերում և այնտեղից ընդհանրապես դուրս չգան:

Հեղափոխական իշխանությանը ևս դա չափազանց ձեռնտու է, որովհետև նոր իշխանությունը մտավախություն ունի, որ գործարարների ու հարուստների դասակարգը կարող է այլընտրանք լինել իրեն, կարող է դառնալ նոր իշխանության իրական ընդդիմությունը: Դրա համար իշխանությունը գնում է գործարարներին վախեցնելու, նրանց դիմադրությունը կոտրելու և այդպիսով նրանց որպես քաղաքական այլընտրանք վերացնելու ճանապարհով: Գործարարները չպետք է լինեն քաղաքաքականության մեջ կարգախոսը դարձել է նոր իշխանության ինքնապաշտպանության զենքը:

Գործարարներին ու հարուստներին ճնշելու քաղաքականությունը բերելու է երկրի տնտեսության հետընթացին ու ավելի մեծ աղքատացման: Բայց իշխանությամբ իշխանության եկածներին, դա այնքան էլ չի հետաքրքրում, նրանք հիմա մի կարևոր խնդիր են լուծում, ամեն գնով պահել ձեռք գցած իշխանությունը, և դրա համար լծվել են իրենց հնարավոր ընդիմության ոչնչացմանը:

Հ.Գ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա իր ֆեյսբուքյան ասուլիսում առնվազն երկու անգամ խոսեց արտասահմանյան ներդրողների կողմից Հայաստանում ներդրում անելու մասին: Արտասահմանյան ներդրողը, մեծահարուստը նոր իշխանության համար վտանգ չի ստեղծում, գոնե առաջին մի քանի տարիներին, քանի որ իշխանության նկատմամբ հավակնություն չի դրսևորի, և դրա համար նրանց կարելի է հրավիրել երկիր:

Բայց մի երկրում, որտեղ հարուստ լինելը արդեն հացագործություն է դիտվում, երբ երկրի ներսի ներդրողները իրենց ունեցվածքն են դուրս հանում, որևէ արտասսահմանյան ներդրող չի գա և ներդրում չի անի:

Please enter a valid URL