ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նախկին Զինդատախազը ժամանակին ոչ միայն ինձ, այլև հասարակությանը, Բուդաղյանների ընտանիքին պետք է պատշաճ պարզաբանումներ ներկայացներ ԱԺ նախկին պատգամավոր պրն. Նիկոլ Փաշինյանի և Բուդաղյանների պաշտպան պրն. Հայկ Ալումյանի բարձրացած մի շարք կարևոր հարցադրումների վերաբերյալ…
Հակառակ դեպքում Բուդաղյանների գործով քրեագիտության այբուբենը դեռևս մնում է բռնաբարված… եվ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է…
Ըստ այդմ ՀՀ զինվորական դատախազը ով պետք է վերահսկեր նախաքննությունը, դեպքից անմիջապես հետո արել է նախքաննության ընթացքը կանխորոշող հայտարարություններ՝ պնդելով, թե Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել արյունահեղության ողջ ընթացքում: Սրանից հետո կարծիքներ են հնչել, թե Կոստանյանը նպատակ է հետապնդել 2013 թվականի հունիսի 1-ի գորիսյան արյունոտ գիշերվա դեպքերից դուրս բերել Սերժ Սարգսյանի հովանավորյալ Սուրիկ Խաչատրյանին:
Ներկայացնում եմ նախկին ԱԺ պատգամավոր, այժմ՝ ՀՀ Վարչապես Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում ներկայացրած չորս հիմնական փաստերը, որոնց համադրումը ոչ միայն պրն. Փաշինյանի, այլև հասարակության մոտ հիմնավոր մտահոգություն է առաջացրել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած գործը վարող մարմինը՝ նախկին զինդատախազի ղեկավարությամբ, ամեն ինչ արել է շրջանցելու, լղոզելու համար բոլոր այն փաստերը, որոնք հնարավորություն կտային լրջորեն հետազոտել մամուլում հնչած այն վարկածը, որ Ավետիք Բուդաղյանին մահացու հրազենային վնասվածքը կարող էր հասցրած լինել Սուրիկ Խաչատրյանը…
Ըստ այդմ՝ առաջին փաստն այն է, որ դեպքի վայրում կյանքից զրկված Ավետիք Բուդաղյանի ստացած ամենածանր վնասվածքը, որը քրգործում անվանվում է թիվ մեկ վնասվածք, ըստ փորձաքննության ունի վերևից ներքև ուղղություն: Ենթադրվում է, որ այս վնասվածքը հասցվել է մի անձի կողմից, ով կրակոց է արձակել վերևից՝ երկրորդ հարկից կամ տանիքից: «Հատուկ կարևորություն է ստանում այն, որ ժամանակագրական առումով սա Բուդաղյանի ստացած վերջին վնասվածքն է, որից հետո արդեն, ըստ դատաբժշկական փորձաքննության, նա այլևս չէր կարող նպատակաուղղված գործողություններ կատարել, և որից հետո, ըստ տեսագրությունների, հայտնվում է գետնին»:
Երկրորդ փաստն այն է, որ նախաքննությունը հաստատված է համարել այն, որ ինչպես մյուս, այնպես էլ թիվ մեկ վնասվածքը Ավետիք Բուդաղյանին հասցրել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը և թիկնապահ Զարզանդը: «Գևորգ Կոստանյանի՝ երեկ իմ հարցին տված պատասխանում, սակայն, հաստատվեց, որ նախաքննության մարմինը պատշաճ ձևով չի նույնականացրել, թե Բուդաղյանի ստացած չորս հրազենային վնասվածքներից որ մեկը կոնկրետ ով է հասցրել, որ պահին, որ դիրքով, որ կետից»:
Սա կարևոր է, քանի որ, պատշաճ նույնականացումը կպարզեր, որ, ի տարբերություն մյուս վնասվածքների, թիվ մեկ վնասվածքը, որն ըստ էության դարձել է Բուդաղյանի մահվան հիմնական պատճառը, չէր կարող հասցված լինել ոչ Տիգրան Խաչատրյանի, ոչ Զարզանդ Նիկողոսյանի կողմից, որովհետև գործի նյութերի համաձայն՝ դեպքերի ողջ ընթացքում նրանք եղել են տան բակում, Ավետիք Բուդաղյանի հետ նույն հարթության վրա և չէին կարող կրակել այնպես, որ Բուդաղյանն ստանար վերևից ներքև վնասվածք: Ըստ Նիկոլ Փաշինյանի նախաքննության մարմինը, չկարողանալով տալ այս հակասության բացատրությունը՝ հիմար վիճակի մեջ է դրել ինքն իրեն՝ գրելով մի անհեթեթ նախադասություն տվյալ դրվագի մասին: Լինգվիստիկ փորձաքննություն է պետք նշանակել՝ հասկանալու համար, թե ինչ են գրել»:
Փաստ երրորդ. «Եթե հիշում եք, դեպքից անմիջապես հետո Սուրիկ խաչատրյանենք տարածեցին իրենց տան տեսախցիկների տեսագրությունը՝ հիմնավորելու համար դեպքերի իրենց վարկածը: Տարօրինակ է, սակայն, որ տարածվեց տեսագրության անձայն տարբերակը: Սա չէր կարող պատահականություն լինել: Ուշադիր զննելով տեսագրության ձայն ունեցող տարբերակը՝ կարձանագրենք արտառոց մի փաստ, որ կարող է հիմք դառնալ լրջորեն քննարկելու այն վարկածը, թե Սուրիկ Խաչատրյանն այդ իրադարձությունների պիկին քնած չի եղել»:
Ըստ որում պրն. Փաշինյանը նշել է, որ՝ բանն այն է, որ 23:08:05 րոպեին տեղի է ունենում անսպասելի մի բան՝ Ավետիք Բուդաղյանը շրջվում է և հետ է դառնում: Մի քանի մետր հակառակ ուղղությամբ քայլելուց հետ էլ ստանում է ճակատագրական թիվ մեկ վնասվածքը: Տեսագրության՝ ձայն ունեցող տարբերակի ուշադիր զննությունը, նրա խոսքով, յուրաքանչյուրի համար ակնհայտ կդարձնի, որ ինչ-որ մեկը ձայն է տալիս Ավետիք Բուդաղյանին՝ գոռալով՝ Ավետ: «Հենց այս կանչը լսելով է Բուդաղյանը հետ դառնում:
Նախաքննության մարմինը չի պարզել, թե ով է կանչողը: Կոստանյանը երեկ իմ հարցին ի պատասխան ասում է՝ էական չէ, թե ով է կանչողը: Ես պնդում եմ, որ էական է, որովհետև, եթե պարզվի, որ կանչողը Սուրիկ Խաչատրյանն է, իսկ դա շատ հավանական է թվում, իրադարձությունների մասին Կոստանյանի առաջ քաշած վարկածը՝ Խաչատրյանի քնած լինելու մասին, գլխովին կջախջախվի»:
Չորրորդ փաստն այն է, որ տեսագրության 23:08:10-ին տեսնում ենք կայծեր ասֆալտի վրա՝ Բուդաղյանի դիմաց: Չի բացառվում, որ այդ կայծերն առաջացել են Բուդաղյանին թիվ մեկ վանսվածք հասցրած կրակոցի երկվորյակ կրակոցից: Պատգամավորի խոսքով՝ թերևս փամփուշտներից մեկը դիպել է Ավետիք Բուդաղյանին՝ պատճառելով թիվ մեկ վնասվածքը, իսկ մյուսը՝ բախվելով ասֆալտին՝ հետադարձ կայծեր է հարուցել: Ուրեմն կրակոցը կրկին հնչել է վերևից՝ մեծ անկյան տակ: Ըստ Փաշինյանի՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք ասֆալտի կայծեր հարուցած հատվածը զննության է ենթարկվել: Պարզվում է, նախաքննության մարմինը ասֆալտի վրա հրազենային բնույթի վասվածք չի հայտնաբերել:
Հ.Գ. Պրն. Փաշինյանի կողմից բարձրացված հարցադրումներն ըստ իս կաևորագույն հարցադրումներ էին, և պետք է ստանային պատշաճ իրավական գնահատականներ… Սակայն այդ հարցադրումներն իրավական առումով մնացին անպատասխան և մինչ օրս հուզում են ոչ միայն ինձ, այլև մեր հասարակությանը…
Անհրաժեշտության պարագայում մամուլից կարող եք ծանոթանալ նաև Բուդաղյանների պաշտպան պրն. Հայկ Ալումյանի ներկայացրած իրավաչափ, բայց ինչ-ինչ պատճառներով մերժված միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ հրապարակումներին…