«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց. «Դեռևս մենք չենք տեսնում, որ այդ զորքերը հետ են քաշվում: Այդ զորքերը, որոնք սկսել են տեղափոխվել սահման դեռևս ապրիլ ամսից, կարծում եմ, որ դեռևս վաղաժամ է խոսել նրանց տեղափոխման մասին, հատկապես Գյանջայում տեղի ունեցածից հետո»:
Խոսքը Գյանջայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասին է, որի արդյունքում երկու ոստիկան սպանվեց և մահափորձ կատարվեց Գյանջայի գործադիր իշխանության ղեկավարի նկատմամբ: Ըստ Բաբայանի, Ադրբեջանում կրկին հայկական հետք են փնտրում՝ ստի հորինվածքներով, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն: «Բնական է, այս ամենը նաև վախեցրել է իրենց իշխանություններին, և կրկին փորձելու են սա շահարկել հայկական գործոնի, հայկական վտանգի ներքո»,-ասաց Բաբայանը:
— Այսինքն՝ վարչապետի բրյուսելյան այցն ու այնտեղ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը որևէ ազդեցություն չթողեցի՞ն սահմանին առկա իրավիճակի վրա, ինչը դուք էիք ակնկալում:
— Ակնկալվում էր, բայց քանի որ այդ հանդիպման ժամանակ տեղի ունեցան նաև Գյանջայի վերոհիշյալ զարգացումները, փաստորեն, նախահեղափոխական տրամադրություններ կան: Եթե գնդապետի են սպանում քաղաքում՝ բոլորի աչքի առջև, ուրեմն այնքան են հոգնել և զզվել ալիևյան վարչակազմից, որ այդպիսի քայլերի են դիմում:
— Այսինքն՝ Ալիևը կարող է ադրբեջանական լսարանում ներքին խնդիրներ լուծելու համար պատերազմի՞ գնալ:
— Ներքին խնդիրներ՝ այո, ոչ թե, ասենք, վաղը սկսում է պատերազմ, բայց չի բացառվում, որ սադրանքների դիմի և այլն, և այլն, մանավանդ, որ արդեն մեղադրել են այդ մարդկանց հայկական հատուկ գործակալությունների հետ կապի մեջ, որը, իհարկե, անհեթեթություն է:
— Այս օրերին խոսակցություններ են տարածվում առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և սպասում են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ավարտին, որ դրանից հետո հարձակվեն:
— Տեսեք, ընդհանրապես պատերազմ սկսելու համար՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ և այն, որ Ադրբեջանը միշտ փորձելու է բլից-կրիգի դիմել, երկարատև պատերազմի նա չի կարող դիմանալ: Սա փաստ է, իսկ դրա համար նրանք չպետք է հայտարարեն, անակնկալի պիտի բերեն, չէ՞, ինչ-որ տեղ: Եթե բոլորը խոսում են, որ ֆուտբոլից հետո, ինչո՞ւ սպասեն մինչև ֆուտբոլի ավարտը, թող հենց եզրափակիչ խաղի ժամանակ էլ հարձակվեն, որ անակնկալ լինի:
— Գուցե Ռուսաստանի գործոնը կա այստեղ:
— Ոչ մի գործոն էլ չկա, որովհետև, անկախ ֆուտբոլից… այո, Ռուսաստանի, ԱՄՆ-ի գործոնը կա, Ֆրանսիայի, որոնք, լինելով համանախագահներ, կտրուկ դեմ են, որ պատերազմ լինի, բայց այդ գործոնը կապված չէ ֆուտբոլի հետ կամ ինչ-որ այլ զարգացումների հետ: Ինչ է, եթե ֆուտբոլը չլինի, սկսեն, էլի իրենց շահերի դեմ է, չէ՞, նույն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի…ինչի պիտի սպասեն, անակնկալի պիտի դիմեն, չէ՞: Բացի դրանից, մենք ամեն պահի էլ սպասում ենք այդպիսի զարգացումների, այսինքն՝ սա ֆուտբոլի հետ կապ չունի, սրանք ավելի շուտ շահարկումներ են»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: