Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում քանդեց կծիկը

Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել, դա ագրեսիվություն է ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանում առկա ժողովրդավարության դեմ, Բրյուսելում լրագրողների հետ կարճատեւ շփմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը այդ մասին խոսել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Քարնեգի հիմնադրամի փորձագետների հետ հանդիպումների ժամանակ:
Նա ասել է, որ Ադրբեջանի որեւէ գրոհ հարձակում կլինի ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաեւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության դեմ:
Երեւանը ստացել է այն հանգամանքը շեշտադրելու իրավունք, ինչը գործնականում առանցքային նշանակություն էր ունեցել նաեւ արցախյան շարժման եւ պատերազմի հաղթանակի հարցում՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդիական քաղաքակրթության ճանապարհ:
Դրանք առանցքային գործոններն էին, որոնք արցախյան շարժումն ու պատերազմի հաղթանակը դարձրել էին միջազգայնորեն լեգիտիմ:
Հրադադարից գրեթե անմիջապես հետո Հայաստանը սկսեց կորցնել իր այդ առավելությունները, քայլ առ քայլ պետությունը դնելով ընտրակեղծարարության, ռազմական օլիգարխիայի, քրեական օլիգարխիայի տիրապետության ներքո:
Հայաստանի փաստարկները քայլ առ քայլ դարձան անհամոզիչ, կորցրին քաղաքական կշիռը միջազգային ասպարեզում, ինչի արդյունքը եղավ այն, որ միջազգային քաղաքական կենտրոններում ձեւավորվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «հավասարության նշանը», ինչից փորձեց եւ փորձում է օգտվել Բաքուն:
Երեւանն այդ «հավասարության նշանը» տարիներ շարունակ բնութագրել է որպես անարդարացի, համարելով, որ դրանով անուղղակի խրախուսվում է Ադրբեջանի լկտիությունն ու ագրեսիան:
Իրական քաղաքականության ռեժիմում սակայն համարժեքությունը թերեւս պահանջում է արձանագրել, որ միջազգային քաղաքական կենտրոնների վարքագիծը ձեւավորվում է բովանդակային շահերի տիրույթում, ոչ թե «դատական արդարադատության», դուր գա դա մեզ, թե ոչ:
Ըստ այդմ, Հայաստանը «դատական արդարադատություն» ստանալու համար պետք է ձեւավորի «բովանդակային շահերի» ներդաշնակ քաղաքականություն եւ կենսակերպ:
Հայաստանի թավշյա հեղափոխությունը դրա պատմական հնարավորություն է, արցախյան շարժման հաղթանակի առանցքային գրավականներից մեկը վերգտնելու, վերականգնելու, ըստ այդմ հայկական հաղթանակի միջազգային լեգիտիմությունը վերականգնելու հնարավորություն:
Դրա հիմքը գցել է հայկական զինուժը 2016-ի ապրիլին: Այժմ այդ հիմքի վրա քաղաքականություն կառուցելու ժամանակն է, եւ այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան շեշտադրումները խիստ արժեքավոր են ու անհրաժեշտ:
Հայաստանը արցախյան շարժումը վերադարձնում է քաղաքակրթական հարթություն, այնտեղ, որտեղից սկսել էր շարժումն ու ինչի շնորհիվ ունեցել միջազգայնորեն լեգիտիմ հաղթանակ:
Արցախի խնդիրը ազգերի ոչ միայն պետական, այլ քաղաքակրթական ինքնորոշման խնդիր է, հետեւաբար այն ոչ միայն հայ-ադրբեջանական խնդիր է, այլ խնդիր արդիական ու հետադեմ քաղաքակրթությունների միջեւ:
Նիկոլ Փաշինյանն ունի փաստարկային ծանրակշիռ հիմք, որպեսզի վերականգնի խնդրի այդ էությունը, ինչը հատկապես կարեւոր է նաեւ ՆԱՏՕ Վեհաժողովի շրջանակում, որին մասնակցում է իբրեւ ՆԱՏՕ աֆղանական առաքելությանը մասնակից պետության ղեկավար, ժողովրդավարական վերափոխումների շարժում առաջնորդող ղեկավար:
Բանն այն է, որ անմիջապես սահմանային սպառնալիքի եւ ագրեսիայի, պատերազմի բեռ ունեցող Հայաստանը տարիներ շարունակ իր ներուժի թեկուզ փոքր, բայց բոլոր դեպքերում կարեւոր մաս տրամադրում է ՆԱՏՕ աֆղանական առաքելությանը,որտեղ եւս խորքում դրված է արդիական քաղաքակրթության եւ միջազգային անվտանգության պաշտպանության հարց:
Ըստ այդմ, Հայաստանը նաեւ ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն էլ իր մասնակցությունը պետք է ունենա Կովկասում արդիական քաղաքակրթության, արժեքների պաշտպանության գործում, որի հիմնական ծանրությունը Հայաստանի եւ Արցախի, հայկական զինուժի վրա է:
Վերափոխվող Հայաստանի այդ ակնկալիքը լիարժեք եւ ամուր փաստարկված ակնկալիք է:

Please enter a valid URL